Մենք մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Հասարակություն
22:42 15/02/2026
Հայաստան

Մենք մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Մասյացոտնի թեմից հայտնում են, որ այսօր Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է Բուն Բարեկենդանի Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տեր Հովակիմ քահանա Հովակիմյանի։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը իր խոսքում նշեց։

«Մենք մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով՝ դերասանի պես, կեղծավորի պես։ Այո՛, մարդ ենք, վախեր ունենք, շատ  հաճախ թաքցնում ենք որոշ բաներ, որովհետև անվան հարց կա, պատվի խնդիր կա, մեր հասարակությունն էլ, որպես կանոն, բարությամբ չի փայլում, շատ ենք բամբասում, փոխանակ մեկս մյուսին օգնենք, բայց, այսքանով հանդերձ, հոգևոր այս ճամփորդությունը գալիս է մեզ այս դաշտում կրթելու, որ  պետք է լինել անկեղծ, չունենալ ներքին պառակտվածություն... Մենք Պահք ենք պահում, որ մեր հոգևոր ուժերը կուտակենք, այսօրվա լեզվով ասած, ակումլյատորին, որը դնում ենք լիցքավորման։ Մեծ Պահքի այս շրջանը երկարատև լիցքավորման շրջան է, հետևապես, մենք այսօրվանից մեզ դնում ենք հոգևոր լիցքավորման »,-ասաց է Հայր Ռուբենը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder