Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդեն ուրվագծվում են հունիսի 7-ին կայանալիք հորհրդարանական հերթական ընտրությունների մասնակից ուժերը, ֆորմատները։ Ի՞նչ սպասել առաջիկայում, արդյոք մասնակից ուժերը պատրաստ են մոլդովական սցենարով ընտրություններին, որի մասին հրապարակավ հայտարարել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
Panorama.am-Պարոն Բադալյան, ԵՄ պաշտոնյան հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանին կաջակցեն, ինչպես Մոլդովային։ Դուք բազմիցս ասել եք, որ հին գործիքակազմերը չեն աշխատելու։ Հիմա տեսնո՞ւմ եք, որ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ուժերը փոխել են դրանք։
Արմեն Բադալյան-Այո, մոլդովական տարբերակն այս ընտրություններին ոչ միայն աշխատելու է, այլև սկսել է աշխատել, մասնավորապես սահմանփակվել է դիտորդական առաքելությունների գործունեությունը, բարեգործության հետ կապված օրենքն ընդունեցին, որի օգնությամբ կարող են կուսակցություններին չգրանցել։ Բացի այդ դրսի աջակցությունն իշխող քաղաքական ուժին բավականին նկատելի ու տեսանելի է։
Ինչ վերաբերում է ընտրության մասնակից մյուս ուժերին, ապա նրանք, այս փոփոխությունները քննադատելուց զատ, ուրիշ ոչնչով չեն զբաղված։ Ասել, որ նրանք նկատել են փոփոխություններն ու փոխել են գործիքակազմերը, չեմ կարող։ Գործիքները չեն փոխել, գնում են ընտրություններին հին ձևերով, կարծես թե մոլդովական սցենարն իրենց համար գոյություն չունենա։
Panorama.am-Կարծիք կա, որ եթե ընդդիմությունն ընտրություններին մասնակցի 4-5 խոշոր դաշինքով, ապա քվեարկությունից հետո կարելի է գործարկել Գյումրիի ՏԻՄ ընտրությունների սցենարը։
Արմեն Բադալյան-Չէ, չի կարող նման բան լինել։ Առաջին հերթին, խորհրդարանական ընտրություններին չի լինում իշխանություն ու ընդդիմություն, մարդիկ չեն քվեարկում, որ դու ընդդիմություն ես, քվեարկում են լրիվ ուրիշ սկզբունքներով։ Նման կարծիք հայտնողները չեն հասկանում՝ ինչ է ընտրական գործընթացը։ Մարդը քվեարկում է, քանի որ դու արևմտամետ ես, անկախ այն բանից, դու իշխանությո՞ւն ես, թե՞ ընդդիմություն, Մարդը քվեարկում է, քանի որ դու Գագիկ Ծառուկյանն ես, Նիկոլ Փաշինյանն ես, Սամվել Կարապետյանն ես, Ռոբերտ Քոչարյանն ես՝ անկախ այն բանից, դու իշխանությու՞ւն ես, թե՞ ընդդիմություն։
Բացի այդ, Գյումրիում ավագանու, համայնքապետի ընտրություն էր, ԱԺ ընտրությունն աշխարհքաղաքական ընտրություն է։ Քաղաքապետը չի որոշում «Թրամփի ուղու» ճակատագիրը, Արցախի հարցը։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվում է կառավարություն, որը լուծում է աշխարհքաղաքական հարցեր։ Սարիկ Մինասյանի հետևում Եվրամիությունը կանգնած չէր, մինչդեռ հիմա իշխող քաղաքական թիմի թիկունքին, այո, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, դրան գումարած Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելն ու Մեծ Բրիտանիան կանգնած են։
Բացի այդ, ընտրությունների մասնակիցները չեն կարող սահմանափակվել դաշինքներով, հաշվի առեք, որ կարող են մասնակցել 25-30 ուժեր, բայց պետք է հստակ լինի, մասնակցում է ոչ թե ընդդմությունը, այլ քաղաքական ուժերը կամ լիդերների կողմից առաջնորդվող քաղաքական միավորները, և քվեարկությունն էլ իրականացվում է լրիվ ուրիշ սկզբունքով։ Մի բան, որ Հայաստանում այդպես էլ չհասկացան։
Panorama.am-Քանի որ ասացիք, սրանք աշխարհքաղաքական ընտրություններ են, նշեցիք, թե ովքեր են աջակցում իշխող ուժին, Դուք տեսնո՞ւմ եք, որ ընդդիմադիր ուժերն աշխատում են ԵՄ-ի ու հիշյալ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի հետ։
Արմեն Բադալյան-Նրանք չեն կարող աշխատել ԵՄ-Ֆրանսիա-ՄԵծ Բրիտանիա-Իսրայել-Ադրբեջան ու այլ երկրների հետ, քանի որ այդ երկրներն արդեն իրենց ընտրությունը կատարել են։ Մեզ դուր գա, թե ոչ, այս երկրները խառնվելու են ընտրություններին։ Դատապերտեք, թե չդատապարտեք, նրանք միջամտելու են, Կայա Կալասն արդեն ասաց՝ 15 մլն եվրո են տրամադրելու։ Մայիսի 4-ին էլ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը կանցկացվի Հայաստանում։ Ինչ վերաբերում է ընտրության մասնակից մյուս ուժերին, ապա արևմտամետ ուղղվածության ուժերը չեն կարող աշխատել Ռուսաստանի հետ, իսկ ռուսամետ չասենք, ասենք, եվրասիամետ ուժերը պետք է աշխատեն Ռուսաստանի ու Իրանի հետ, քանի որ այս երկրները շահագրգռված են, որ արևմուտքն իր դիրքերն այստեղ չամրապնդի։ Բայց նման աշխատանք մենք չենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ նրանք քննադատում են իշխող քաղաքական ուժին, թե ինչու է աշխատում արևմուտքն այստեղ։ Տեսնում ենք դատապարտումներ։ Որ դատապարտեցիր, չե՞ն աշխատելու։
Panorama.am-Միգուցե չաշխատելը պայմանավորված է հասարակության մեջ առկա հակառուսական տրամադրություններո՞վ։
Արմեն Բադալյան-Ոչ, միգուցե դա բացատրվում է իրենց աշխատել չցանկանալու, իշխանության գալու ցանկություն չունենալու հետ։ Տպավորությունն այնպիսին է, որ այդ ուժերը պայքարում են ընդդիմադիր մնալու, մի քանի մանդատ վերցնելու համար։ Միգուցե պետք է աշխատե՞լ։ Միշտ իմացեք, իշխող քաղաքական ուժին պետք է հաղթել մինչև ընտրությունները։ Եթե մինչև ընտրություն չհաղթեցին, հունիսի 7-ին չեն հաղթի։
Panorama.am-Դուք խոսում եք իմպիչմենթի՞ մասին։
Արմեն Բադալյան-Սահմանադրությունը դրա իրավունքը տալիս է։ Պարտադիր չի իմպիչմենթ, կարող են հաղթել, իսկ հունիսի 7-ին ընդամենը ֆիքսել հաղթանակը։ Այս պահի դրությամբ, եթե ֆորսմաժոր չլինի, աշխատաոճի փոփոխություն տեղի չունենա, մենք կտեսնենք ևս հինգ տարի նույն քաղաքական ուժի իշխանության մնալը։
Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը