Եթե Գիքորն ունենար առողջության ապահովագրություն, հեքիաթն այդքան տխուր ավարտ չէր ունենա. Արտակ Մարտիրոսյան
Տնտեսություն
18:23 16/02/2026
Հայաստան

Եթե Գիքորն ունենար առողջության ապահովագրություն, հեքիաթն այդքան տխուր ավարտ չէր ունենա. Արտակ Մարտիրոսյան

Ավտոապահովագրությունը Հայաստանում կայացավ, քանի որ լսեցին կարծիքներ, հաշվի առան հնչած քննադատությունները։ «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» քննարկմանն ասաց Ապահովագրական համակարգերի փորձագետ Արտակ Մարտիրոսյանն ու հույս հայտնեց, որ նույնքան արդյունավետ կդառնա առողջության պարտադիր ապահովագրության համակարգը։

«Առողջության պարտադիր ապահովագրությունն այլընտրանք չունի, գուցե այն նաև ուշացած է։ Եթե ավելի վաղ ներդրված լիներ, շատ հարցեր հիմա լուծված կլինեին»,-նշեց քննարկման բանախոսը։

Կրթական հաստատություններում դասավանդող փորձագետն ասաց՝ հաճախ համաարգը համեմատում է Թումանյանի հեքիաթների հետ, որպեսզի ուսանողներն աբելի լավ պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը։

«Եթե Գիքորն ունենար առողջության պարտադիր ապահովագրություն, ապա հեքիաթն այդքան տխուր ավարտ չէր ունենա։ Սա իրականության մեջ հիմնավորում է, որ այլընտրանք գոյություն չունի։ Քիչ չեն շահառուները, որոնք օգտվել են ու գոհ են համակարգից»,-ասաց Արտակ Մարտիրոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ կա տեղեկատվական աշխատանքների բաց։

Բացի այդ, նրան մտահոգում է փաստը, որ բուհերում ապահովագրության ֆակուլտետներն ու բաժինները փակվում են։

«Այն պարագայում, երբ մեզ օդ ու ջրի պես պետք են այդ մասնագետները, բուհերում փակվում են ապահովագրական ամբիոները։ Սա շատ լուրջ խնդիր է»,-ասաց նա։

Նա նկատեց, որ մասնավոր ապահովագրական ընկերությունները շատ բարձր մակարդակով իրականացնում են իրենց ֆունկցիաները, աշխատում են մոբայլ ծրագրերով, արագ արձագանքում են բուժառուին։

«Ես կուզեի, որ մանավոր ընկերությունների փորձն ու գիտելիքները բերեին, պրոեկտեին պետական ծրագրի վրա, որպեսզի ավելի արդյունավետ այն լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս համակարգի ներդրումից հետքայլ լինել չի կարող, քննադատությունները պետք է լինեն այդ համակարգի ու ծառայությունների բարելավմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder