Որ թոշակառուները չկարողանան այցելել բանկ,պայմանագրերը տանը կկնքվեն, քարտերն էլ կառաքվեն տուն
Հասարակություն
15:50 16/02/2026
Հայաստան

Որ թոշակառուները չկարողանան այցելել բանկ,պայմանագրերը տանը կկնքվեն, քարտերն էլ կառաքվեն տուն

Իրազեկման լայնածավալ աշխատանքների շնորհիվ կանխիկ եղանակով վճարումներ ստացողների թիվը նախորդ տարվա 50,000-ից նվազել և հասել է շուրջ 26,000-ի։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետի տեղակալ Աննա Բեգլարյանը։ 

Գործընթացի սահունությունն ապահովելու նպատակով պատասխանատուները կենսաթոշակների և նպաստերի անկանխիկ եղանակով ստացման համար սահմանել են մարտի 1-ը որպես ինքնուրույն ընտրություն կատարելու նախընտրելի ժամկետ, իսկ մարտի 5-ից ապրիլի 1-ը բանկի փոփոխության հնարավորությունը ժամանակավորապես կկասեցվի՝ համակարգային վերջնական ճշգրտումներ իրականացնելու համար։

«Ապրիլի մեկը ընտրվեց նրա համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել բոլոր այն հնարավոր հերթերից, որոնք կառաջանան վերջին պահին, ու նաև հնարավորություն տալ բանկերին բանկային հաշվի պայմանագիրը կնքել, բանկերի քարտերը թողարկել»,- ասաց նա։

Հատուկ ուշադրություն է դարձվել տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ Այն շահառուների համար, ովքեր չեն կարողանա անձամբ այցելել բանկ, նախարարությունը նախատեսել է սուրհանդակային ծառայությունների և ՄՍԾ աշխատակիցների այցելություններ՝ պայմանագրերը տանը կնքելու և քարտերն առաքելու նպատակով։

«Եթե քաղաքացին ի սկզբանե չի կարողանում բանկ այցելել, բանկային հաշվի քարտի թողարկումը, պայմանագրի կնքումը իրականացվելու է տանը սուրհանդակային ծառայության միջոցով... եթե փորձը ձախողվի, այդ փուլում արդեն միասնական սոցիալական ծառայության աշխատակցի հետ միասին կայցելեն տուն ու կկազմակերպեն ամբողջ գործընթացը»,- մանրամասնեց Բեգլարյանը։

Մասնագետները նաև արձանագրեցին, որ շուրջ 2500 շահառու չունեն վավեր անձնագիր։ Այս խնդրի լուծման համար ՄՍԾ-ն կհամագործակի Ներքին գործերի նախարարության հետ՝ շրջիկ անձնագրային կետերի միջոցով փաստաթղթավորումն ապահովելու համար։

Անդրադառնալով քաղաքացիների մտավախություններին՝ Աննա Բեգլարյանը հավաստիացրեց, որ ապրիլի 1-ից հետո բանկոմատներից գումար կանխիկացնելու սահմանափակումներ չեն առաջանա։ Նա նաև պարզաբանեց, որ հետվճարի (cashback) համակարգից օգտվելու համար նոր թողարկվող քարտերը հիմնականում ArCa տեսակի կլինեն, իսկ Visa քարտեր ունեցողներին առաջարկվում է փոխել դրանք՝ արտոնություններից օգտվելու համար։

«Այն 630,000 շահառուները, որոնք որ օգտվել են մինչև հիմա իրենց կենսաթոշակի իրավունքից, ստացել են քարտով, իրացրել են քարտով, թեկուզ անկանխիկ, թեկուզ կանխիկացնելով, նույն հնարավորությունները նաև լինելու են այս շահառուների համար»,- մանրամասնեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder