ԹՐԻՓՓ-ն Իրանի համար հղի է առաջին հերթին անվտանգային լրջագույն մարտահրավերներով. Արամ Շահնազարյան
Քաղաքական
14:53 18/02/2026
Տարածաշրջան

ԹՐԻՓՓ-ն Իրանի համար հղի է առաջին հերթին անվտանգային լրջագույն մարտահրավերներով. Արամ Շահնազարյան

«Իրանում դիվանագիտական լեքսիկոնով, դիվանագիտական նրբությունները հաշվի առնելով հնչում է խոսքերը, թե ՀՀ-ն վստահեցրել է, որ հաշվի է առնվելու Իրանի բոլոր շահերը, դիտարկումները, վերապահումները և այն վտանգ չի ներկայացնելու։ Նման խոսքերից հետո Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային, անմիջապես ասաց, «բայց»»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հարավային Կովկաս» ուժերի վերադասավորում» խորագրով քննարկմանն ասաց իրանում հրապարակվող «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը։

Նա նշեց, որ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն, բայց Իրանի պետական հատվածում միանշանակ կան մտահոգություններ։

 Ներկայացնելով Իրանի տեղեկատվական-վերլուծական հատվածում տեղի ունեցող քննարկումները՝ Շահնազարյանն ասաց, որ այդ վերապահումների և մտահոգությունների մասին բացահայտ է խոսվում, առանց փակագծերի և տողատակերի։

Արամ Շահնազարյանը նկատեց, որ ԹՐԻՓՓ-ը միայն տնտեսական նախագիծ, ապաշրջափակման տրամաբանության մեջ մտնող ճանապարհ չէ, ինչպես փորձում են ներկայացնել Հայաստանի գործող իշխանությունները, և նշեց, որ իրանցի փորձագետներից շատերը ասում են, որ ԹՐԻՓՓ-ի տնտեսական շահը երկրորդական է։

«Գլխավոր խնդիրը, որը ԹՐԻՓՓ-ով փորձում են լուծել Արևմուտքը և ԱՄՆ-ը, անվտանգային մթնոլորտի,  տարածաշրջանում աշխարհաքաղաքական հարաբերակցության, ուժերի հարաբերակցության  փոփոխությունն է։ Սա Իրանի համար հղի է, առաջին հերթին անվտանգային լրջագույն մարտահրավերներով, որովհետև նրա համար անընդունելի երևույթ է իր անմիջական սահմանին արևմտյան ուժերի ներկայությունը։ Իրանը կորցնելու է տարանցիկ այդ բացառիկ հնարավորությունը և նշանակությունը որն ուներ»,- ասաց «Ալիք» օրաթերթի խմբագիր։

Նա նշեց, որ դրանով կտրուկ կնվազի Իրանի ազդեցությունը տարածաշրջանային անվտանգային գործընթացների վրա։

Խոսելով ՆԱՏՕ-ական երկրների ուժայինների կողմից ԹՐԻՓՓ-ի անվտանգության պահպանման հարցի մասին՝ Շահնազարյանն ասաց. «Սա նշանակում է Ամերիկյան, ՆԱՏՕ-ական և Արևմտյան անմիջական ներկայություն Իրանի անմիջական սահմանին, այն դեպքում, երբ այդտեղ նա 1991 թվականից հետո ունեցել է գրեթե 0-ական խնդիր»։

Բանախոսը նշեց, որ իրանցիները դրանից հետո մտահոգություն ունեն, որ Հայաստանում նաև լինելու է իսրայելական ներկայություն։

Շահնազարյանի կարծիքով Իրանը չի կարող կոշտ հակազդեցություն ցույց տալ ԹՐԻՓՓ-ին, միայն կարող է հակադրվել Հյուիսի-Հարավ ճանապարհի գործարկմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԹՐԻՓՓ-ն Իրանի համար հղի է առաջին հերթին անվտանգային լրջագույն մարտահրավերներով. Արամ Շահնազարյան