Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ վիճակում են Աջափնյակի միջադեպի ժամանակ վիրավորված 6 քաղաքացիները
Երևանի Աջափնյակ թաղամասում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած 6 քաղաքացիներն արդեն վիրահատվել են։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Panorama.am-ին հայտնեց, որ նրանց առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, կյանքին սպառնացող վտանգ չկա։
6 քաղաքացին էլ դեպքից հետո տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
ՔԿ-ից հայտնել են, որ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: