Կարգալույծ եղած Տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած երկու հայցերը վարույթ են ընդունվել
Իրավունք
14:25 19/02/2026
Հայաստան

Կարգալույծ եղած Տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած երկու հայցերը վարույթ են ընդունվել

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուհայցադիմումն ընդդեմ Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե) վարույթ է ընդունվել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ 

Հայցադիմումը ստացվել է փետրվարի 10-ին։ Հաջորդ օրն այն մակագրվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին, երեկ՝ փետրվարի 18-ին այն վարույթ ընդունելու որոշում է կայացրել։

Եկեղեցին  դատարանից պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)՝ արգելելով Արամայիս Դավթի Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Պահանջներից մեկն էլ վերաբերում է Արամայիս Դավթի Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դատական ծախսերը բռնագանձելուն, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Նույն օրը ևս մեկ հայց է ներկայացվել  նախկին քահանայի նկատմամբ։ Եկեղեցին դատարանից խնդրել է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և Հռիփսիմե Խաչատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։ ՀԱԵ-ն խնդրել է նաև պատասխանողներից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Հայցադիմումը մակագրվել է նույն դատավորին։ Որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարգալույծ եղած Տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած երկու հայցերը վարույթ են ընդունվել