Չկառուցված «Աջափնյակ» մետրոյի կայարանի կից քաղաքապետարանն արդեն բիզնես կենտրոնի կառուցման մրցույթ է հայտարարել
Հասարակություն
11:36 23/02/2026
Հայաստան

Չկառուցված «Աջափնյակ» մետրոյի կայարանի կից քաղաքապետարանն արդեն բիզնես կենտրոնի կառուցման մրցույթ է հայտարարել

«Քաղաքաշինական ներդրումային ծրագրի երկփուլ մրցույթը կայացել է. նախավորակավորման փուլի ընթացքում դիմել են թվով յոթ միջազգային և տեղական ընկերություններ, երկուսը որակավորվել են»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճշտեց, թե որտեղ է կատարվելու, ինչին ի պատասխան բաբայանն ասաց, որ «Աջափնայկ» մետրոյի կայարանի մոտ։

«Ամենակարևոր հատվածն էր տեղը, ասեք որ «Աջափնյակ» մետրոյի հարակից տարածքում է լինելու»,-շեշտեց Ավինյանը։

Անետա Բաբայանը նշեց, որ մարտի 3-ին առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է, ակնկալվում է, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն։

Ավինյանը հետաքրքրվեց, թե որոնք են եղել քաղաքապետարանի նախնական պահանջները տեխառաջադրանքով, ինչին ի պատասխան նշվեց, որ առաջարկվելու են այդ տեղանքում որոշակի ռադիուսով հայեցակարգային լուծումներ, ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի, բիզնես քեյսի մշակում, որը թույլ կտա ներդրումային փաթեթ ձևավորել իր համապատասխան հաշվարկներով, վերլուծություններով, հողի արժեքով և ներդրումային մոդելով։

 «Այսինքն, մենք ստանալու ենք և նախնական էսկիզային առաջարկ, և որոշակի տեխնիկատնտեսական հիմնավորում։ Ուզում եմ հիշեցնել այս հանձնարարականի  ամբողջ տրամաբանությունը, որ Աջափնյակի կայարանի կառուցման հատվածում մենք ունենանք բիզնես կենտրոն կամ այն, ինչ որ այս ընկերություններից մեկը, որը կհաղթի, կառաջարկի, որը ֆինանսապես բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի և որոշակիորեն նաև կմեղմի այն ծախսերը, որոնք իրականացնելու են կայարանի կառուցման համար»,-լրարցրեց Ավինյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չկառուցված «Աջափնյակ» մետրոյի կայարանի կից քաղաքապետարանն արդեն բիզնես կենտրոնի կառուցման մրցույթ է հայտարարել