Կառավարման խնդրից մինչև շինարարական «բումի» հետևանք․ Երևանը՝ սակավաջրության շեմին
Տնտեսություն
16:08 28/02/2026
Հայաստան

Կառավարման խնդրից մինչև շինարարական «բումի» հետևանք․ Երևանը՝ սակավաջրության շեմին

Հայաստանում ունենք խմելու ջրի ոչ թե որակի, այլ քանակի խնդիր։   Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝   Հայաստանի բնակչության 95 %-ը ստանում է քաղցրահամ աղբյուրի ջուր, որը մշակման լրացուցիչ կարիք չկա, միայն քլորացում է կատարվում՝ բակտերիաների ներթափանցումից խուսափելու համար։

Ի՞նչ վերաբերում է ջրաքանակությանն, ապա  այժմ  կլիմայի փոփոխության պատճառով ջրային ռեսուրսների քանակն էապես նվազել է ՝և՛ մակերևութային, և՛ ստորգետնյա ջրերի։

«Մենք ստանում ենք խմելու ջուրը ստորգետնյա աղբյուրներից։ Քանի որ հիմա շենքերի կառուցման մեծ «բում» եղավ, պարզ է, որ  նոր ջրախողովակաշարեր և նոր ջրաքանակություն  է պետք։ Դրա համար մտածում են գրաֆիկները փոխելու մասին։ Երևանում է  խնդիրը սրվում, որովհետև ուրիշ որտե՞ղ են այսքան բազմահարկ շենքեր կառուցում։ Հիմա միայն ջրի խնդիր չէ, կան կոյուղու և ճանապարհների ծանրաբեռնվածության խնդիրներ»,- նշեց ջրաբանը։

Այսուհանդերձ, մասնագետն առաջնային խնդիր է համարում հենց կառավարման խնդիրը։

«Ջրամատակարարման ցանցը շատ հին է և շատ հաճախ են վթարներ լինում։ Մենք դա մեր «կաշվի» վրա ենք զգում՝ ժամերով,անգամ՝ օրերով կարող է խմելու ջուր չունենանք։ Դրա համար կառավարման խնդիրներից է հարկավոր սկսել։ Ինձ մոտ տպավորություն է, որ կառավարման խնդիր ընդհանրապես դրված չէ, չեն պատկերացնում՝ ինչպես պետք է արվի կամ պատկերացնում են, բայց հնարավորություն չկա։ Ամեն դեպքում՝ կառավարման խնդիրն այս պահին ամենակարևորն է։Ունենք բավականին շատ ջրի կորուստ՝ 65-80 %, որոնք հիմնականում ոռոգման ցանցին են վերաբերում, պատճատը՝ ցանցի անորակության մաշվածությունն է՝ փականները չեն աշխատում, խողովակներն են վթարված և այլն»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ մասնագետի՝ խողովակների վերանորոգման աշխատանքներից մինչև ջրամատակարարման ցանցի հիմնանորոգում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder