Էրդողանի վարչակազմը հերքել է Թուրքիայում գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակման մասին տեղեկությունները
Քաղաքական
13:36 02/03/2026
Տարածաշրջան

Էրդողանի վարչակազմը հերքել է Թուրքիայում գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակման մասին տեղեկությունները

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է երկրում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա ենթադրյալ հարձակման մասին տեղեկությունները, նշելով, որ հանրապետությունում օտարերկրյա ռազմական բազաներ չկան։

«Որոշ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե «Թուրքիայում ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել», իրականությանը չեն համապատասխանում։ Թուրքիայում որևէ երկրի պատկանող ռազմական բազաներ չկան»,-ասվում է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։

Թուրքիայի նախագահի վարչակազմը շեշտել է, որ Թուրքիայի օդային, ցամաքային և ծովային տարածքները, ինչպես նաև ռազմական կառույցները գտնվում են երկրի լիակատար վերահսկողության և ինքնիշխանության ներքո։

«Մեր երկրի վրա որևէ հարձակում չի եղել։ Թուրքիային տարածաշրջանային հակամարտությունների կողմ ներկայացնելուն ուղղված հրապարակումները ապատեղեկատվության ակնհայտ փորձ են»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է հայտարարության մեջ։

Թուրքական իշխանությունները հավելել են, որ պաշտպանության և անվտանգության համակարգի բոլոր տարրերը գործում են բնականոն ռեժիմով, և համապատասխան մարմինները հետևում են իրավիճակին իրական ժամանակում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder