Քուվեյթում «բարեկամական կրակի» ժամանակ սխալմամբ խոցվել է երեք ամերիկյան կործանիչ
Քաղաքական
16:39 02/03/2026
Աշխարհ

Քուվեյթում «բարեկամական կրակի» ժամանակ սխալմամբ խոցվել է երեք ամերիկյան կործանիչ

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Քուվեյթում Իրանի դեմ գործողության շրջանակներում առաքելություններ իրականացնելիս «բարեկամական կրակի» միջադեպի ժամանակ խոցվել են երեք ամերիկյան կործանիչներ։

Նշվել է, որ երեք F-15E Strike Eagle կործանիչներ սխալմամբ խոցվել են Քուվեյթի ՀՕՊ համակարգի կողմից ակտիվ մարտական ​​գործողությունների ժամանակ, որոնք ներառում էին իրանական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ։ ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ անձնակազմի բոլոր վեց անդամները ողջ են մնացել, հաջողությամբ դուրս են նետվել ինքնաթիռից և տարհանվել։

Գերատեսչությունը հավելել է, որ Քուվեյթի իշխանությունները ընդունել են «այդ միջադեպում» իրենց մեղքը և շնորհակալություն են հայտնել ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։

Մարտի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) հայտնել է երեք ամերիկյան կործանիչների խոցման մասին։ Իրանի Tasnim լրատվական գործակալությունը սոցիալական ցանցերում հաղորդել է «այդ կործանիչների կործանման և դրանց օդաչուների դուրս նետման բազմաթիվ պատկերների» հրապարակման մասին։

Ավելի ուշ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են կործանվել Քուվեյթի տարածքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder