Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիան ձեռնարկում է քայլեր՝ պաշտպանվելու պատերազմի ռիսկերից. Վահե Դավթյան
Իրանի դեմ ամերիկաիսրայելական հարձակման երրորդ օրը Իրանը սկսեց հարվածել տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական էներգակիրների արտադրության օբյեկտներին, ենթակառուցվածքներին և փաստացի փակեց Հորմուզի նեղուցը՝ արգելելով Պարսից ծոցից էներգակիրների արտահանումը։ Կանխատեսելի է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կթիրախավորեն Իրանի նավթագազային ենթակառուցվածքները, որոնց հիմնական շահառուն Չինաստանն է։ Իրանյան հակամարտության նման սցենարով զարգացումն ինչպես կազդի նաև տարածաշրջանում իրանի հիմնական գործընկերների, մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի վրա (հաշվի առնելով, որ գազատարներ կան իրանից դեպի այս երկրներ)։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։
Վ. Դավթյան-Նախ՝ անդրադառնանք մատակարարման ցուցանիշներին: 2025 թ. Իրանը Չինաստան է արտահանել օրական 1,3-1,4 մլն բարել նավթ, ինչը Իրանի նավթի արտահանման ավելի քան 80 % է, իսկ Չինաստանի ներկրման՝ մոտ 11-12 %-ը: Չինական կառավարությունը պահեստում ունի մոտ 900 միլիոն բարել նավթ, ինչը հավասար է մոտ 78 օրվա ներմուծման ծավալին։ Այսինքն՝ մոտ 3 ամիս Չինաստաը՝ ներկրման դադարեցման դեպքում կգտնվի կանխատեսելիության տիրությում: Միաժամանակ, կարծում եմ, ելնելով իրավիճակից, Իրանի նավթի արտոնյալ զեղչերը կկրճատվեն՝ առաջարկի հնարավոր նվազման մասին մտավախությունների ֆոնին։ Այս պարագայում Չինաստանի ներքին նավթային ենթակառուցվածքները և պետական պահուստները հնարավորություն են տալիս մեղմել կարճաժամկետ խափանումների ազդեցությունը շուկայի վրա, սակայն առաջարկի և գների փոփոխականությունը դեռևս բարձր ռիսկ է պարունակում։ Նավթի գները շարունաում են աճել՝ հասնելով 79-80 դոլարի։
Panorama.am-Ի՞նչ կանխատեսումներ կան դեպի Թուրքիա գազատարի հարցում։
Վ. Դավթյան-Մերձավոր Արևելքում էսկալացիայի և Իրանի հիմնական ենթակառուցվածքների վրա հարվածների ֆոնին Թուրքիային ուղղվող գազի մատակարարումները հայտնվում են ռիսկային գոտում։ Թեբրիզ-Անկարա խողովակաշարով Իրանը տարեկան մատակարարում է մոտ 7-8 մլրդ խմ գազ, սակայն ստեղծված իրավիճակում ծավալները կարող են կտրուկ նվազել՝ հաշվի առնելով իրանական գազային արդյունաբերության սպասվող կրճատումը: Սակայն Թուրքիան ձեռնարկում է քայլեր՝ պաշտպանվելու համար նման ռիսկերից․ պետական Botas ընկերությունը հայտարարել է, որ աղբյուրների դիվերսիֆիկացիայի, երկարաժամկետ պայմանագրերի և հեղուկացված գազի պահեստավորման հնարավորությունների շնորհիվ երկրի գազային ապահովման համար վտանգներ թերևս չկան: Դրա հետ մեկտեղ կարող ենք կանխատեսել, որ Անկարան կփորձի ստեղծված իրավիճակում դիրքավորվել որպես կարևոր մատակարար՝ «Հարավային հոսքով» ու «Թուրքական հոսքով» Եվրոպա գազ արտահանելու համար: Դա հատկապես կարևոր է դառնում Կատարի կողմից հեղուկացված գազի արտադրության կանգնեցման ֆոնին:
Panorama.am-Իրան-Հայաստան գազատարը կարո՞ղ է թիրախավորվել և այն ինչ հետևանքներ կունենա։
Վ. Դավթյան-Իրան-Հայաստան գազամուղով մենք տարեկան լավագույն դեպքում ներկրում ենք մոտ 300-350 մլն խմ գազ, այն դեպքում, որ գազամուղի թողունակությունը կարող է հասցվել 2,3 մլրդ խմ-ի: Այսինքն՝ գազի դեիֆիցիտի խնդիր մենք չենք ունենա՝ հաշվի առնելով Ռուսաստանից իրականացվող կայուն մատակարարումները: Այլ բան, որ գազի ներկրումն Իրանից իրականացվում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում, իսկ դա նշանակում է, որ իրանական գազի ներկրման կրճաումը կարող է հանգեցնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանամն կրճատման: