Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ձեր պատերազմը ձեր հարևանների հետ չէ. Ինչպես են ծոցի երկրներն արձագանքում Իրանի հարվածներին
«Իրանը թշնամություն չունի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ և վճռական է շարունակելու նրանց հետ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության վրա»,- չինացի իր գործընկերոջ՝ Վան Ինիի հետ հեռախոսազրույցում երեկ ասել էր Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
Նա նաև նշել է. «Պարսից ծոցի որոշ երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների դեմ Իրանի պաշտպանական պատասխանը չպետք է մեկնաբանվի որպես հարձակում այդ երկրների դեմ, այլ՝ որպես մեր օրինական պատասխան ագրեսիայի աղբյուրին և ծագմանը»։
«Թեև տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների դեմ իրանական հարվածները կանխատեսելի էին, սակայն Իրանը նոր շեմ է հատել՝ թիրախավորելով Պարսից ծոցի քաղաքներ, օդանավակայաններ և էներգետիկ ենթակառուցվածքներ», -ասել է Բահրեյնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի՝ Մերձավոր Արևելքի քաղաքականության հարցերով փորձագետ, Հասան Ալհասանը գերմանական Deutsche Welle-ին (DW) տված հարցազրույցում։
«Պարսից ծոցի երկրները Իրանին աշխարհագրորեն շատ ավելի մոտ են և Իսրայելի պես ուժեղ պաշտպանված չեն, ինչը մեծացնում է Իրանի՝ հարվածները տեղ հասցնելու հնարավորությունները»,-հավելել է նա։
Պարսից ծոցի երկրներում Իրանը հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին և զգուշացրել է, որ ԱՄՆ–Իսրայել հարձակումների շարունակման դեպքում կթիրախավորի «տարածաշրջանի բոլոր տնտեսական կենտրոնները»։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ երկու ԱԹՍ հարվածել են Ռիադում գտնվող ԱՄՆ դեսպանատանը՝ առաջացնելով հրդեհ և փոքր վնասներ։
Հարվածներից հետո Պարսից ծոցի տարբեր երկրների ղեկավարները կապ են հաստատել միմյանց հետ, արտահայտել համերաշխություն և դատապարտել իրանական հարձակումները։
«Ձեր պատերազմը ձեր հարևանների հետ չէ»,-X հարթակի իր միկրոբլոգում գրել է ԱՄԷ նախկին արտգործնախարար և ներկայում երկրի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը։
Ավելի ուշ նա տեղական The National լրատվամիջոցին հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները պարզապես չեն դիտելու, թե ինչպես են իրենց վրա հարձակվում։
Al Jazeera-ն, ամփոփելով 5-օրյա պատերազմի արդյունքները, այսօր հայտնել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարվածները թիրախավորել են Թեհրանի արևմտյան հատվածները։
Հարված է հասցվել Նաթանզի միջուկային կայանին, սակայն իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռադիոակտիվ արտահոսք չի գրանցվել։
ԱՄՆ ծովակալ Բրեդ Կուպերի տվյալներով՝ Իրանը արձակել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռ և 2000 անօդաչու թռչող սարք։ Հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ դեսպանատանը և ԱՄԷ-ում՝ Դուբայի ԱՄՆ հյուպատոսարանի մերձակայքին։
Իսրայելը շարունակում է ակտիվ ռմբակոծել թիրախներ ինչպես Իրանում, այնպես էլ Լիբանանում։ Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորվել՝ 335։
ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, որ լայնամասշտաբ հարվածները են իրականացվում՝ զգուշացնելով, որ Իրանի համար ծանր հետևանքներ կլինեն։