Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին
Քաղաքական
17:08 06/03/2026
Տարածաշրջան

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել այն երկրներին և կազմակերպություններին, այդ թվում նաև Հայաստանին, որոնք «համերաշխություն են հայտնել Ադրբեջանին՝ Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո»։

«Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում մեր միջազգային գործընկերներից, երկրներից ստացված աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար՝ Ադրբեջանի տարածքի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։

Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված աջակցության բացահայտ վերահաստատումը:

Բարձր ենք գնահատում նրանց մշտական աջակցությունն ու գործակցությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում և գրառմանն ուղեկցում է «երախտագիտություն հայտնած երկրների դրոշները»։ 

Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ իրանական ԱԹՍ-ներն ընկել են Նախիջևանի օդանավակայնի տարածքում, ինչպես նաև էքսկլավի Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հերքել էր  Իրանի կողմից ԱԹՍ-ներով Ադրբեջանին հարվածելու մասին լուրերը։

Հիշեցնենք նաև՝ երեկ երեկոյան ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder