Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկ շաբաթում Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով նոր դեպքերի թիվը կազմել է 78, որը 2%-ով ավելի է նախորդ շաբաթվանից
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 10-րդ շաբաթվա ընթացքում (02.03.2026թ.-08.03.2026թ.) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) նոր դեպքերի թիվը կազմել է 78, որը 2%-ով ավելացել է նախորդ շաբաթվա դեպքերի համեմատ: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր դեպքերը բաշխվել են երկու տարիքային խմբերում` 0-4 և 5-14 տարեկաններ:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ մինչև 5 տարեկանների շրջանում դեպքերի մասնաբաժինը ավելացել է` կազմելով 54% (42 դեպք), որը 20%-ով գերազանցում է նախորդ շաբաթվա դեպքերին: 5-14 տարեկանների շրջանում դեպքերի մասնաբաժինը գրեթե նույնն է մնացել` 46% (36 դեպք): Ընդհանուր դեպքերից 2-ը հոսպիտալացվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 5: ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) շաբաթական ամփոփ տվյալների` 2026թ.-ի փետրվարի 23-ից մարտի 1-ը գրիպի տարածաշրջանային ցուցանիշները ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում երկրների մեծ մասում կայուն նվազման միտում ունի բոլոր տարիքային խմբերում: Հոսպիտալացումների հիմնական դեպքերը 65 և ավելի բարձր տարիքի անձիք են: Հարկ է նշել, որ տարածաշրջանում A (H3) գրիպի վիրուսը դեռևս շրջանառվող գերակշռող տեսակն է (64%), սակայն A(H1) վիրուսի մասնաբաժինը շարունակում է մեծանալ (36%): Տարածաշրջանային մակարդակում գրիպի դրական արդյունքով թեստերի թիվը դեռևս գերազարցում է 10% համաճարակային շեմը` կազմելով 16%, նախորդ շաբաթվա 21%-ի համեմատ: 25 երկրների դրական թեստերի միջին ցուցանիշը կազմել է 11%, ևս 16 երկրներ հաղորդել են առնվազն 10%:
SARS-CoV-2 վարակի ակտիվության տարածաշրջանային մակարդակը մնացել է նույն մակարդակին (2%), ինչ նախորդ շաբաթ էր:
Շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) ակտիվությունը նվազել է նախորդ շաբաթվա համեմատ` հասնելով 9%-ի: Հիվանդության բեռը և դրական արդյունքների թիվը մնում է ամենաբարձրը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում: