Մեծ Պահք. Մարտի 15-ին՝ Դատավորի կիրակի
Հասարակություն
13:53 14/03/2026
Հայաստան

Մեծ Պահք. Մարտի 15-ին՝ Դատավորի կիրակի

Մեծ պահքի հինգերորդ կիրակին՝ այս տարի մարտի 15-ին, կոչվում է Դատավորի: Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8):  Առակում Հիսուս տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից  մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծ Պահք. Մարտի 15-ին՝ Դատավորի կիրակի