Կարո՞ղ ա փետրվարին Երևանը դարձավ մի մեծ անտառ, մենք էլ չէինք շնչում, որ տենց բարելավվեց օդի որակը. Ավինյան
Հասարակություն
12:26 16/03/2026
Հայաստան

Կարո՞ղ ա փետրվարին Երևանը դարձավ մի մեծ անտառ, մենք էլ չէինք շնչում, որ տենց բարելավվեց օդի որակը. Ավինյան

«Երևանում շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 188 սարքերից ստացված տվյալներով փետրվար ամսվա միջինացված տվյալներով PM 2.5 կազմել է 95, իսկ PM 10-ը 47։ Այս արժեքները գտնվում են լավ կամ առողջության համար չափավոր վատ միջակայքերում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Բնապահպանության վարչության աշխատակից Ավետիսյանը։

Նա ասաց, որ վիճակն ավելի լավ է, քան նախորդ տարվա փետրվարին։

«Ըստ էության, եղանակային, օդերևութաբանական պայմաններով  ապահովված ցածր ցուցանիշ էր»,- ասաց Ավետիսյանը։

Քաղաքապետ Ավինյանը հարցրեց, թե դրական արդյունքն ինչով էր պայմանավորված և շարունակեց.։

«Փետրվար ամսին կարո՞ղ է բոլոր ավտոմեքենաները կանգնեցին, և Երևանը դարձավ մի մեծ անտառ, շինարարությունը կանգնեց, մենք էլ չէինք շնչում, որ տենց բարելավվեց օդի որակը»։

 Ավետիսյանը հայտարարեց, թե դրանք ցույց են տալիս, որ մարդածին աղբյուրները փոքր դեր ունեն օդի աղտոտվածության գլոբոլ պատճառների մեջ։

Ավինյանը նորից կրկնեց, որ Երևանում և Արարատյան դաշտում օդի աղտոտումը պայմանավորված է օդի ինվերսիոն շերտով, որը ձմռանն իջնում է ցածր բարձրության վրա, իսկ այժմ բարձրացել է և աղտոտումը նվազել է։

Մեր կողմից սակայն նկատենք, որ փետրվարին, նախորդ տարվա համեմատ, տեղումները շատ են եղել, ցիկլոններ և անտիցիկլոններ են եկել Հայաստան, որոնց հետևանքով ձյունն ու անձրևը նստեցրել է մայրաքաղաքի և Արարատյան դաշտի փոշին, իսկ ջերմաստիճանի հաճախակի փոփոխության հետևանքով առաջացած քամիներն էլ քշել են մայրաքաղաքում մեծ ծավալի չկանոնակարգված շինարարության հետևանքով առաջացած փոշին։ Գարնանն էլ ծառերը կտերևակալեն և կնստեցնեն փոշու մի հատվածը, իսկ մյուսը կքշի Սևանա լճից վերսկսված երեկոյան քամիները, ինչը սակայն չի նշանակում, որ աննախադեպ ծավալի շինաշխատանքները մայրաքաղաքի օդը չեն աղտոտել առողջության համար վտանգավորության աստիճանի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder