Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի պատրիարք Իլյա II-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Այս մասին հայտարարվել է Վրաստանի պատրիարքարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Իմեդի» հեռուստաալիքը հաղորդում է, որ նա Կովկասյան բժշկական կենտրոնում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Իլիա II-ի վիճակը վատացել է երեկ երեկոյան։ Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի և բժիշկների խոսքով՝ կաթողիկոս-պատրիարքը ենթարկվել է հետազոտությունների և անցել է բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները։
Հիվանդի վիճակը ներկայումս կայուն է։ Հիվանդանոցում է նաև Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
«Հաշվի առնելով նրա տարիքը և մնացած բոլոր գործոնները՝ իրավիճակը բարդ է։ Հիվանդն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հսկողության տակ է, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բոլոր կենսական ֆունկցիաներն արագ վերականգնելու համար։ Իհարկե, հսկողությունը կշարունակվի», -ասել է Սարջվելաձեն։
Իլյա II-ի բժշկի խոսքով՝ հիվանդը հոսպիտալացվել է ստամոքսային արյունահոսությամբ։ Նրան կատարվել են համապատասխան բժշկական ախտորոշիչ միջոցառումներ։ Նրա վիճակը պահանջում է հատուկ ուշադրություն. նրա հեմոդինամիկան անկայուն է։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիան»։
Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլին ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին Վլադիկավկազում։ Նա 1952 թվականին այնտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը ։ Այնուհետև ընդունվել է Մոսկվայի հոգևոր սեմինարիա, որտեղ սովորել է մինչև 1956 թվականը, ապա շարունակել է ուսումը Մոսկվայի հոգևոր ակադեմիայում։ 1957 թվականի ապրիլի 16-ին Թբիլիսիի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցում Իրակլին ձեռնադրվել է վանական՝ Իլյա անունով՝ ի պատիվ Եղիա մարգարեի։ Նա ընտրվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք 1977 թվականի դեկտեմբերի 23-ին։