Քաղտեխնոլոգ. ԵՄ խմբի առաջին հարվածն ուղղված է լինելու ԶԼՄ-ներին, չի բացառվում, որ լրատվամիջոցներ փակվեն
Քաղաքական
12:12 18/03/2026
Հայաստան

Քաղտեխնոլոգ. ԵՄ խմբի առաջին հարվածն ուղղված է լինելու ԶԼՄ-ներին, չի բացառվում, որ լրատվամիջոցներ փակվեն

«Իշխող ուժը, գնալով մարզեր, ներկայացնում է իր կոնցեպցիան. խաղաղություն է, այլևս պատերազմ չէ, մենք պետք է հանգիստ ապրենք, Արցախն անցյալ է, հիմա այն Ադրբեջան է, կամաց-կամաց թեքվելու ենք դեպի արևմուտք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով արդեն մեկնարկած քարոզարշավին։

Նրա խոսքով, պատահական չէ, որ մարզեր գնում են «ուրախ ավտոբուսով», որտեղ երգում, պարում ու ուտում են։

«Դա PR կամպանիա է, ցույց են տալիս, որ իբր մենք բավականին հզոր ենք, ընտրական կամպանիան անցկացնելու ոչ թե մարտունակությունից ելնելով, այլ ուրախանալով, որ արդեն խաղաղություն է, մեր ուզածին հասել ենք, հունիսի 7-ին էլ դա կֆիքսենք ու կունենանք հանգիստ կյանք։ Սա իր ընտրազանգվածի վրա, իհարկե, կազդի»,-նշեց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի գնահատմամբ, իշխող քաղաքական ուժի կոնցեպցիային հակադրվում է հզոր դաշնակից, մարտունակ բանակ ունենալու մասին հայտարարած «Հայաստան» դաշինքը։

«Հզոր դաշնակիցն ամենայն հավանականությամբ Ռուսաստանն է։ Այս պահի դրությամբ երկու քաղաքական ուժ է ներկայացրել ապագայի վերաբերյալ իր կոնցեպցիան, որոնց հետ կարող են համաձայնել, կամ չհամաձայնել, բայց դրանք ամփոփ տեսլականն են, թե ինչ են անելու այդ  քաղաքական ուժերն իշխանության գալուց հետո»,-ասաց նա։

Քաղտեխնոլոգի խոսքով, մարդիկ խորհրդարանական ընտրութուններին չեն քվեարկում սոցիալ-տնտեսական շահերից ելնելով։

«Դժվար է ասել, թե որն է այդ շահը, էժան բնակարա՞նը, աշխատավարձի բարձրացո՞ւմը, թե՞ գույքահարկի իջեցումը։ Մարդիկ քվեարկում են՝ ելնելով այն բանից, թե ով կարող է երկիրն այս վիճակից հանել կամ ինչպիսի երկիր են ուզում տեսնել»,-կարծիք հայտնեց Բադալյանը։

Անդրադառնալով այն կոչին, թե առաջիկա քաղաքական գործընթացներում ու ընտրություններում երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի, քաղտեխնոլոգն ասաց, անկախ նման կոչերից, արդեն հայտնի է,որ ԵՄ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկելու Հայաստան։

«Դա նշանակում է, որ Հայաստանն արդեն վերածվել է աշխարհքաղաքական դիմակայության հարթակի երկու հիմնական ուժերի միջև՝ գլոբալիստական արևմուտքի ու Ռուսաստանի միջև, քանի որ վերջինը ցույց է տալիս՝ համաձայն չէ այն գծի հետ, որն այսօրվա իշխանություններն իրականացնում են։ Հայաստանն արդեն գտնվում է աշխարհքաղաքական բախման կետում, բախումը լինելու է ինչպես Ուկրաինայում, ուղղակի այնտեղ ռազմական բախում է, այստեղ՝ քաղաքական, ընտրական բախում է լինելու ռուսամետ ու գլոբալիստ ուժերի միջև։ Հայաստանում կա օրինաչափություն, ով այդ պահին ունի իշխանություն, միշտ հաղթող է դուրս գալիս ընտրություններում, սա օրինաչափություն է, որ սկսել է 1995-ից։ Ավելին, արևմտյան գլոբալիստական  կոնգլոմերատն ամեն գնով շահագրգռված է Հայաստանի իշխանությունների վերարտադրությամբ, քանի որ դրանով ինքը վատություն է անում Ռուսաստանին, ապա ատեղծել է մի միջանցք՝ Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով դեպի Եվրոպա, որի կարևորագույն բաղկացուցիչ տարածքներից մեկն էլ Հայաստանն է։ Եթե Հայաստանում այդ միջանցքը խափանվի, նշանակում է, որ հնարավոր է՝ Արցախի հարց բարձրացվի, Ռուսաստանի դիրքն ամրապնդվի, դա էլ իր հերթին նշանակում է, որ կարող է վտանգ սպառնալ Միջին միջանցքին, որի համար Արևմուտքը մեծ ֆինանսական ու այլ ռեսուրսներ է ներդրել։ Այդ պատճառով ԵՄ-ն անում է ու կանի ամեն ինչ՝ աջակցելու իշխող քաղաքական ուժին»,-մանրամասնեց փորձագետը։

Օրեր առաջ պաշտոնապես հաստատվեց, որ ԵՄ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկելու Հայաստան։ Արմեն Բադալյանի ենթադրությամբ, այդ խմբի թիրախում առաջինը հայտնվելու են ԶԼՄ-ները։

«Վստահ չեմ կարող ասել, բայց հիմք ընդունելով Մոլդովայում տեղի ունեցած գործընթացները, իսկ Հայաստանը հիմա արագ տեմպերով գնում է մոլդովական սցենարով, խմբից առաջին հարվածը երևի կստանան լրատվամիջոցները, մասնավորապես, հնարավոր է՝ որոշ լրատվամիջոցների գործունեություն կասեցվի, որպես ապատեղեկատվություն տարածողներ։ Թե որ լրատվամիջոցները կլինեն, չեմ կարող ասել, բայց Մոլդովայում դա տեղի ունեցավ; Եթե գնում ենք մոլդովական տարբերակով, ենթադրում եմ, որ մեզ մոտ էլ այդ նույն ոչ ազնիվ  PR տեխնոլոգիաներն են կիրառվելու»,-ասաց նա։

 Քաղտեխնոլոգի համոզմամբ, եթե Հայաստանում ընտրությունները չիրականացվեն մոլդովական սցենարով, ապա իշխող ուժի վերարտադրման հնարավորությունը զրո է։

«Այս պահին տեսնում ենք, որ իշխող քաղաքական ուժն անում է ամեն ինչ իշխանությունը վերցնելու համար։ Օրինակ, ընտրության մասնակից ուժերից մեկի ղեկավարը ոչ մի բանի համար արդեն ութ ամիս նստած է։ Սա քաղաքական գործընթաց է,  իրավական գործընթաց չէ։ Չի բացառվում, որ քաղաքական այս ու այլ ուժերի չգրանցեն, ընտրական գործընթացի կեսից հանեն, մոլդովական սցենարը ենթադրում է առավել ազդեցիկ քաղաքական ուժին, որը կարող է վտանգ սպառնալ իշխող ուժի համար, չեզոքացնել։ Կա ևս մեկ գործոն, ԴՕԿ կուսակցությունը, որի ղեկավարը, որը նստած է ԱՄՆ-ում, բավականին մեծ ձայներ ունի, Երևանի ավագանու ընտրություններում պաշտոնական տվյալներով 4 տոկոսից ավելի ձայներ էր հավաքել։ Թույլ կտա՞ն, որ նա խորհրդարանական ընտրություններին մասնակցի։ Մասնակցելու դեպքում ո՞ւմ հետ կլինի, քանի որ նա նախկին ղեկավարներին քննադատաբար է վերաբերում, մեղմ ասած։ Եթե նրա ուժն անցնի խորհրդարան, ո՞ւմ օգտին կարող է քվեարկելու հարկ եղած դեպքում։ Հիշենք, որ Երևանի ավագանու ընտրություններում անկախ կուսակցության ղեկավարի դիրքորոշումից, այդ խմբակցությունը քվեարկեց գործող քաղաքապետի օգտին»,-ասաց Բադալյանը։ 

Քաղտեխնոլոգի գնահատմամբ, չնայած մոլդովական սցենարի մասին հայտարարություններին, քննարկումներին, ընտրական գործընթացի մասնակից ուժերն այս ընտրություններին գնում են 1995-ի տրամաբանությամբ։

«Եթե ըմբռնած լինեին նոր իրողություններն, արդեն իշխանափոխություն արած կլինեին։ Նրանք գնում են նույն գործիքակազմերով, ինչ 1995-ից սկսած»,-նշեց Բադալյանը։

Լալա Տեր-Ղազարյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder