Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխան խորթ մոր կողմից մեկ ամսից ավելի բռնnւթյան է ենթարկել. նոր մանրամասներ
Երևանում խորթ մայրը մեկ ամսից բռնության է ենթարկել 1 տարեկան տղա երեխային, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է կատարել, որի հետևանքով երեխան մարտի 16-ին կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել։
Գլխավոր դատախազությունից Panorama.am-ին մանրամասներ հայտնեցին. «Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»։
ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ
Անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը
ՔՕ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ
Անօգնական վիճակում գտնվողի սպաության փորձ
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Panorama.am-ին ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով, երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր համայնքում։