Ունենք համայնքապետ, որը միլիարդների պայմանագիր է կնքում իր հետ փոխկապակցված անձանց հետ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի
Տնտեսություն
13:00 18/03/2026
Հայաստան

Ունենք համայնքապետ, որը միլիարդների պայմանագիր է կնքում իր հետ փոխկապակցված անձանց հետ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի

«Դուք ձեր նախագծով առաջարակում եք, որ բարձրաստիճան պաշտոնյաներին փախկապակցված ընկերությունները չմասնակցեն տվյալ պաշտոնյայի համակարգած ոլորտում պետական գնումներին»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Թադևոս Ավետիսյանը։

Մինչ այդ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը զեկուցեց  «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և կից փաթեթը։

Ավետիսյանը նշեց, որ նման կոշտ գործիքակացմի գնալու համար պետք է տեղական իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ունենալ։

Ընդդիմադիր պատգամավորը ցանկացավ իմանալ, թե ներկայում ինչպիսի դեպքեր են արձանագրվել, որոնք կառավարությանը ստիպել  հանգել նման կարգավորման անհրաժեշտությանը։

Նա նկատեց, որ այդ դեպքում էլ «փոխկապակցված անձի» ձևակերպման առումով սուբյեկտիվ գնահատման մեխանիզմներն են շատ և օբյեկտիվորն հնարավոր չի լինի որոշելու, թե այդ ընկերությունը կապ ունի՞ պաշտոնյայի հետ, թե ոչ։

«Այդ չափանիշի որոշման հատկորոշումը միանշանակ չէ և ռիսկերը տեղափոխվում են այդ կարգավորումների մեկնաբանության դաշտ»,- ասաց Ավետիսյանը։

Փոխնախարարը հայտարարեց, որ հիմնականում համայնքներում են նման դեպքեր արձանագրվում, նաև այլ պետական կառույցների մասով նման գնումների մասին հրապարակումներ կան։

 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը տեղեկացրեց. «Մենք ունենք դեպքեր, երբ համայնքի ղեկավարը երևի եռամսյակում 11 հատ հայտարարություն է մեզ տալիս (համայնքապետը պարտավոր է հանձնաժողովին տեղեկացնել, որ գնում է կատարում իր հետ փոխկապակցված անձից), ինչը նշանակում է, որ նա բավականին մեծ՝ միլիարդների պայմանագիր է կնքում իր հետ փոխկապակցված անձի հետ, ինչն այս պահին օրենքի շրջանակներում նորմալ է»։

Գալստյանը հայտնեց, որ նման գնումները հիմնականում ասֆալտապատման, հեղուկ գազի գնման ծառայությունների ձեռքբերմանն է վերաբերում։

Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ կարգավորումը մասնակի լուծում է տալիս և արդյունավետ չի լինելու՝ հիմնավորելով. «Կառավարությունում կա մի ՝ պայմանական անդամ, որը հակում ունի հանրային շահը ստորադասել սեփական շահին։ Դուք եք ձևակերպում, որ այդպիսի բան է հնարավոր։ Հիմա առաջարկում եք՝ ասելով, որ եթե բացառենք այդ պաշտոյայի ոլորտում իր հետ փոխկապակցված անձից գնումների իրականացումը, ամեն ինչ լավ կլինի։ Ո՛չ»։

Նա հիմնավորեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ եթե այդպիսի հակում ունեցող պաշտոնյա լինի, ապա նա կդիմի իր գործընկեր նախարարին, որպեսզի նա գնում անի իր հետ փախկապակցված անձից։

ֆինանսների նախարարի տեղակալն ընդունեց, որ օրինագիծն ամբողջությամբ չի լուծում խնդիրը, բայց գնում են տեսած խնդրի օրենսդրական մասնակի կարգավորման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder