Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի վաճառքն այլևս նախկինի պես շատ չի հարկվի
Տնտեսություն
15:17 19/03/2026
Հայաստան

Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի վաճառքն այլևս նախկինի պես շատ չի հարկվի

«Նախատեսվում է վերանայել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ավելացված արժեքով հարկման կանոնները և սահմանել հատուկ կանոններ»,-կառավարության նիստում հայտնեց  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով  օրակարգային 39 հարցից զեկուցվող երրորդ՝ վերջին հարցը։

Նախարարը հիշեցրեց, որ օրենքով ոսկու և թանկարժեք քարերի օտարումը ազատված է ԱԱՀ-ից, բայց դրանց օգտագործմամբ ստացված ոսկյա զարդերի օտարումը  հարկվում է ավելացված արժեքի հարկով, ինչի հետևանով ստացվում է, որ ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին և թանկարժեք քարերը վերջին հաշվով հարկվում են ԱԱՀ-ով, և հաճախ ոսկու և թանկարժեք  քարերի արժեքները կազմում են ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը:

«Այս պարագայում խնդիրն այն է, որ երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն իրենց իրացման շրջանառությամբ հատում են ԱԱՀ-ի հարկի շեմը՝ տարեկան 115 մլն դրամը, իրենց կողմից շուկայում առաջարկվող ոսկյա զարդի գինը՝ ԱԱՀ-ով պայմանավորված, կտրուկ աճում է, և ոսկյա զարդը գնային առումով դառնում է ոչ մրցունակ»,-հայտնեց նախարարաը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անգամ այդ հումքի արժեքը ԱԱՀ-ով հարկելը արդարացի չէ:

«Վերոնշյալը հաշվի առնելով՝ առաջարկվում է սահմանել երկու առանձին կարգավորում ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի արտադրողների և դրանք վերավաճառողների համար:

Առաջին կարգավորումն արտադրողների համար առաջարկում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկում է ոսկե իրի օտարման գնի և դրա արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Օրինակ՝ եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառում է 100 միավորով, եթե այդ զարդի պատրաստման համար ունի ոսկու փաստաթղթավորված ծախս 60 միավորի չափով, և ադամանդի փաստաթղթավորված ծախս՝ 25 միավորի չափով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 100 միավորի հաշվարկով, այլ 15 միավորի հաշվարկով, այսինքն՝ 100-ից հանած 60, հանած 25:

Երկրորդ՝ առևտրական առքուվաճառքի գործունեությամբ զբաղվող անձանց համար առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկվում է ոսկյա իրի օտարման գնի և դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Օրինակ՝ եթե ոսկյա զարդի վերավաճառքով զբաղվողը արտադրողից 100 միավորով ձեռք բերված ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 120 միավորի հաշվով, այլ 20 միավորի հաշվով»,-ասաց Հովհաննիսյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի վաճառքն այլևս նախկինի պես շատ չի հարկվի