ԱԺ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին ժամը 18։00-ին. Արմեն Սմբատյան
Քաղաքական
21:19 20/03/2026
Հայաստան

ԱԺ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին ժամը 18։00-ին. Արմեն Սմբատյան

«ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին ժամը 18։00-ին»,- այս մասին տեսաուղերփով հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը;

Նա մասնավորապես ասել է. «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում է նաև թեժ գիծ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունը ամենօրյա ռեժիմով պատասխանում է քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող հարցերին՝ կապված վերջիններիս առաջադրման հետ։ Այդ հարցերին պատրաստ են առանց ժամային սահմանափակումների պատասխանել նաև ԿԸՀ անդամները... Կուսակցություններն ու դաշինքները առաջադրման համար պետք է առաջին քայլով դիմեն և ստանան օգտահաշիվ, ինչը հեշտացնում է ընտրացուցակի կազմավորումը։ Կա գործիք, որն օգտագործում է պետության տրամադրության տակ գտնվող պետռեգիստրի տվյալները։ Այսինքն՝ ոչ թե կուսակցությունները ձեռքով հավաքում են թեկնածուների անունները կամ նրանց տվյալները, այլ տեղեկատվության շտեմարանից ինքնաշխատ գալիս է թեկնածուներին առնչվող ինֆորմացիան և նրանք ընտրացուցակում իրենց տեղն են գտնում՝ ըստ կուսակցության սահմանած հերթականության։

Թեկնածուները պետք է ստանան տեղեկանքներ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից իրենց ընտրվելու իրավունքի մասին։ Տեղեկանքի համար դիմում կարող են ներկայացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած բաժանմունք, ցանկացած գրասենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային հարթակով։ Սակայն տեղեկանքները պետք է ստանալ անձամբ, որովհետև տեղեկանքները տպագրված են և կնիքված։ Դրանք հետո պետք է ներկայացվեն ԿԸՀ-ին։ Այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք ուզում են օգտագործել 5 ք/մ չափը գերազանցող վահանակներ իրենց քարոզչության համար, ապա պետք է նույն ժամկետում, երբ դիմելու են ԿԸՀ՝ գրանցման համար, ներկայացնեն հայտ ԿԸՀ-ին, թե որ վահանակներին են հավակնում... Այստեղ ևս կա էլեկտրոնային գործիք, որի միջոցով կուսակցությունը կարող է ներկայացնել իր հայտը։ ԿԸՀ-ն հետագայում վիճակահանությամբ հավասարապես կբաշխի վահանակները բոլոր կուսակցությունների միջև»։      

Աղբյուրը`Panorama.am
Placeholder