«Չեմ ուզում Ղարաբաղն աչքիս առաջ կորցնեմ, լացս գալիս է». կայացավ 44-օրյա պատերազմnւմ զոհված Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը
Հասարակություն
09:40 20/03/2026
Հայաստան

«Չեմ ուզում Ղարաբաղն աչքիս առաջ կորցնեմ, լացս գալիս է». կայացավ 44-օրյա պատերազմnւմ զոհված Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը

Նախօրեին կայացել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը։

Գիրքը կազմվել է նրա հարազատների, ընկերների, զինակիցների, հրամանատարների հիշողությունների հիման վրա՝ ներկայացնելով Հայկազի կյանքը, արժեքներն ու հերոսական մարտական ուղին։ Գրքում տեղ են գտել Հայկազի մանկության, պատանեկության, շախմատային և զինակից ընկերների հուշերը, որոնք լավագույնս արտացոլում են  Հայկազի էությունը, աշխարհընկալումը, հայրենանվեր մտքերն ու անցած մարտական ուղին։ 

«Հենց զորամասից բերեցին Հայկի պայուսակը, նոթատետրի մեջ նախադասություն կար՝ գիրք է ուզում գրել, որ հայտնի դառնա։ Հայկի քույրը՝ Արևիկը, որոշեց, որ այդ գիրքը գրվելու է»,- շնորհանդեի ժամանակ ասել է Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը

Նա նշել է, որ այն, ինչ գրքում ներկայացված է, իրականում հենց Հայկն է, հենց այդպիսին է եղել Հայկը։ 

Տիկին Աննան հիշել է նաև Հայկի խոսքերը, ով պատերազմի օրերին ասել է. «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ուզում ենք առաջ գնալ, չեն թողնում։ Մենք պետք է առաջ գնանք, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ես չեմ ուզում Ղարաբաղն աչքիս առաջ կորցնեմ, լացս գալիս է»։ 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև փաստավավերագրական ֆիլմ Հայկազ Մկրտչյանի կյանքի և 2 պատերազմներում նրա անցած մարտական ուղու մասին։

Հայկազ Մկրտրյանը զորակոչվել էր բանակ 2019 թվականի հունվարի 23-ին։ 44-օրյա պատերազմի օրերին  Հայկազը եղել է ամենաթեժ կետերում։ Մասնակցել է Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի,  Ազոխի, Կարմիր Շուկայի և այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին: Վիրավորվել է Կարմիր Շուկայում «Բայրաքթարի» հարվածից։

Վերջին անգամ, ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 29-ին։ Ասել է՝ երեկոյան կզանգի, բայց այլևս նրանից զանգ չեն ստացել։ Հաջորդ օրը նույնպես զանգերն անպատասխան են մնացել, հարազատներն արդեն սկսել են անհանգստանալ, փնտրել տղային։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին Հայկազի 20-ամյակն էր։ Մայրն ընկերներից մեկին հաղորդագրություն է ուղարկել, թե ուզում է որդուն շնորհավորել, բայց այդ տղան էլ չի պատասխանել, իսկ հետո նշել է, թե պարզապես չի կարողացել խոսել նրանց հետ, չի իմացել, թե ինչպես Հայկազի վիրավորվելու լուրը հայտնի։

Հոկտեմբերի 31-ին՝ Հայկազի ծննդյան օրը, ծնողները նրան գտնում են Մուրացանի հոսպիտալում. տղան կոմայի մեջ էր։ Վիրավորումը շատ ծանր էր։ Մորը թույլ չեն տվել տեսնել որդուն, վերակենդանացման բաժանմունքում էր։ Նրանց պարբերաբար ասում են՝ դրական դինամիկա կա, իսկ նոյեմբերի ութին արդեն հուսադրող լուրեր չկային։ Նոյեմբերի 9-ին՝ 12 օր կյանքի համար պայքարելուց հետո, Հայկազի սիրտը կանգ առավ։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder