Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակեք 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, բացահայտեք պատերազմի պատասխանատուներին. Ակցիա ԱԺ դիմաց
Մի խումբ հասարակական գործիչներ, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներ հավաքվել են ԱԺ դիմաց՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։
«Այս իշխանությունը երկար տարիներ շարունակ ամեն ինչ, ինչ չեն ուզել հրապարակել, յուրաքանչյուր տեսակի հանցավոր քայլ, կոծկել են հույժ գաղտնիության անվան ներքո»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Ըստ նրա, 4-5 տարի շարունակ ասում էին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը լույս է սփռելու բոլոր հանցագործների վրա, դատական ակտեր են լինելու, ձերբակալություններ, բայց հանկարծ բոլորը լռեցին այդ մասին, իբր թե ուշացրել են ժամկետները, այնուհետև սկսել են ասել՝ հույժ գաղտնի է։
«Ի՞նչն է հույժ գաղտնի։ Մենք կորցրել ենք մի ամբողջ երկրորդ հանրապետություն, մեր հայրենակիցներն այնտեղից բռնի ուժով տեղահանվել են, հազարավոր կյանքներ ենք կորցրել։... Սա աղետ է։ Մեր պետականությունն այսօր սարքել են բռոշկա, կպցրել են դոշներին, այն բռոշկեն, որ ձեզ ասել են արեք։ Դա ասել են թուրքերը, մեր թշնամիները, ովքեր ձեզ պարտադրում են մնացած ամենը։
Ի՞նչ եք բացահայտել։ Ի վերջո, այս պատերազմի պատասխանատուներ պե՞տք է լինեն, թե՞ ոչ։ Ինձ համար ոչ մի կասկած չկա, ինձ համար միանշանակ պարզ է, որ այս իշխանությունն է ամենի պատասխանտուն, բայց իրենք հանրությանը ներկայացնում են, որ նախկիններն են մեղավոր։ Դե ցույց տվեք, որ հասկանանք՝ ովքեր են մեղավոր։
Հրապարակեք՝ ինչ հարկավոր է, ժողովուրդն իմանա՝ ի վերջո ովքե՞ր են մեղավորները»,- ասաց Գ. Գևորգյանը։
Նշվեց, որ այս ակցիան անցկացվում է անհետ կորածների հարազատների պահանջով, ովքեր հույս ունեին, որ հանձնաժողովը կպարզաբանի անհետ կորածներ հարազատների որոնման աշխատանքների, ապագայի հետ կապված հարցեր։ Ակցիային մասնակցում են նաև զոհված զինծառայողների հարազատները, որոնք հարցեր ունեն՝ ի՞նչ պայմաններում են զոհվել, ո՞վ է հրաման տվել, և այլ անհասկանալի հարցերի պատասխաններ։
Ակցիայի մասնակիցներն ասացին, որ գրավոր դիմել են ԱԺ նախագահին, սակայն մերժել է հրապարակել զեկույցը՝ գաղտնիության փուլ մտնելու պատճառով, իսկ այժմ դիմելու են ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանք բարձրացնեն այդ հարցը։
«Կարևորում ենք, որ ԱԺ այս նիստերի ընթացքում քննարկման դրվի ու հանրայնացվի զեկույցը։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի, ով եղել է հանձնաժողովի նախագահը, ասել էր, որ, ըստ այդ զեկույցի, հազարավոր քրեական գործեր կարող են հարուցվել»,- հայտարարվեց ակցիայի ժամանակ։
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջով՝ հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, նամակներ ստորագրեցին և փոխանցեցին ԱԺ խմբակցություններին։