50 %-ով կփոխհատուցվի գարնանացան հացահատիկային, հատիկընդեղենների և մշակաբույսերի ցանքսը
Տնտեսություն
16:46 26/03/2026
Հայաստան

50 %-ով կփոխհատուցվի գարնանացան հացահատիկային, հատիկընդեղենների և մշակաբույսերի ցանքսը

 «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն՝ ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ, և կերային մշակաբույսերի՝ առվույտ, կորնգան, մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 %-ը»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով, հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի համար կտրվի  70 հազ դր փոխհատուցում։

«Հհամարվում է որ 140 հազար դրամ ծախս պետք է արվի, 70 հազարը վճարում ենք, եգիպտացորենի դեպքում՝ ամեն հա-ի համար 85 հազար, հատիկաընդեղենի դեպքում՝ ամեն հա-ն 100 հազար, և բազմամյա խոտաբույսերի, այսինքն՝ առվույտի և կորնգանի դեպքում, ամեն հա-ն110 հազար դրամ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

Ըստ Պապոյանի՝ ծրագրի  իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 27 հազար հա հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում։

Նա վստահեցրեց, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի շրջանակում 5200 շահառու է եղել, այս տարի ակնկալում են մինչև 5700-6000 շահառու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder