Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդեն երրորդ տարին է «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական անձնակազմը թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, «կտոնի» առանց թատրոնի... Չնայած տոն նշելու առիթ էլ չունեն։
«Երբ որ թատրոններ են փակվում, տոնելու կարիք չկա։ Ի՞նչ թատերական տոնի մասին է խոսքը, եթե թատրոն է փակվում։ Թատերական տոն կլինի այն դեպքում, երբ որ թատրոններ բացվեն, երբ որ թատրոններն աջակցություն ստանան պետությունից, թատերական համայնքից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Նա ընդգծեց՝ իրենց համար այդ տոնն արժեզրկվել է. «Առիթ չկա նշելու այդ տոնը»։
Անդրադառնալով «Գոյ» թատրոնը փակելու պատճառներին՝ Ս.Արզումանյանը նախ նշեց, որ չի ցանկանում խոսել հանձնվածի դիրքից ու ասել՝ այո, թատրոնը փակվել է. «Չենք աշխատում, բայց ունենք դատական գործեր, սպասում ենք որոշումների։
Մեր գլխավոր գործը՝ կառավարության N701-Ն որոշման վիճարկումն է։ Ուզում էին փակել այդ գործը, բայց հասկացան, որ մենք այնպիսի ճիշտ արգումենտներ ենք բերել, որ հնարավոր չէ շրջանցել ու փակել գործը։ Վերաբացվել է ու քննվում է։ Չենք հանձնվելու ու պայքարելու ենք։
Անդրադառնամ փակելու բուն պատճառին։ Մեր կողմից մշակութային իմաստով քաղաքական պայքար կար, խոսքը «Գարեգին Նժդեհ» ներկայացման մասին է, որը խաղացինք, որն իշխանությունը չընդունեց։ Այստեղ շահերը համընկան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի շահերի հետ, ով օգտվելով առիթից՝ կարողացավ համագործակցել կառավարության հետ ու տիրացավ մեր թատրոնի տարածքին։ Քանդել է թատրոնն ու այժմ ողջ տարածքը փորձասենյակ են սարքել»։
Հիշեցնենք, որ կառավարության N701-Ն որոշման համաձայն՝ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել է` միացնելով «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այդ որոշման դեմ դուրս եկավ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը՝ ցանկություն հայտնելով հանդես գալ որպես առանձին թատրոն։ «Գոյ» թատրոնը դատական կարգով վիճակում է կառավարության՝ «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումը։ Չնայած վիճարկվող որոշմանը, 2024 թ. հունվարի 30-ից թատրոնները համարվում են միավորված, «Գոյ» թատրոնի դռները փակվել են։
«Այո, մենք բողոքի ակցիաներ արեցինք՝ ներկայացնելով մեր դժգոհությունը, բայց հասկացանք, որ իշխանության ներսում հոգի չկա, ստեղծագործող անձնակազմն ամիսներ շարունակ փողոցում ակցիաներ արեց, նստացույց արեց, իրենց մոտ որևէ բան չփոխվեց, ներքուստ անգամ խղճի խայթ չարթնացավ։
Մենք որոշեցինք, որ իրենց դեպքում սուտ է այդ ամենը, իրենց հետ պետք է խոսել օրենքի լեզվով։ Մենք օրենքի շրջանակներում կապացուցենք, որ իրենք սխալ որոշում են կայացրել, թատրոնի, արվեստի հետ չի կարելի նման կերպ վարվել»,- ասաց Ս. Արզումանյանը։
Նա նշեց, որ իրենց որևէ այլ շենք չեն առաջարկել իրենց գործունեությունը շարունակելու համար. «Եթե ուզում ենք մեր ստեղծագործելու իրավունքը, ի՞նչ տարբերություն, թե որ շենքում կլիներ»։
Սարգիս Արզումանյանը Թատրոնի միջազգայն օրվա առիթով իր գործընկերներին մաղթեց. «Մենք ինչ տեսել ենք, հանկարծ իրենք չտեսնեն, գոնե իրենք չտեսնեն այդ ցավը, ուրախանան իրենց հաջողություններով, ուրախանան, որ գոնե իրենք ունեն ստեղծագործելու իրավունք։ Բայց ոչինչ, մենք էլ կունենաք այդ իրավունքը, կգա այդ օրն ու ամեն ինչ լավ կլինի»։
Մանրամասն՝ ձայնագրությամբ։