Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել միջադեպին՝ նշելով. «Իմ կարծիքն այն է, որ դա կազմակերպված էր, գիտեմ՝ ում կողմից է կազմակերպված: Ես վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին, նման դեպքերը շատ են լինելու։ Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ, կգործեն, եթե մյուս կողմի գործողությունների մեջ ինչ-որ բան գտնեն, կարձագանքեն»։
Հիշեցնենք, որ նախօրեին Աժ մոտ Ալեն Սիմոնյանի ու քաղաքացու միջև տեղի էր ունեցել միջադեպ, հնչել հայհոյանքներ։