«Կեղտոտ տասնյակը». Ո՞ր մրգերն ու բանջարեղենն են պարունակում ամենաշատ թունաքիմիկատները
Աշխարհում
15:45 28/03/2026
Աշխարհ

«Կեղտոտ տասնյակը». Ո՞ր մրգերն ու բանջարեղենն են պարունակում ամենաշատ թունաքիմիկատները

«Pesticides in Produce 2026» ուղեցույցի համաձայն, որը հիմնված է կառավարության կողմից իրականացված թեստերի վրա, կանաչեղենը (հատկապես սպանախը), ինչպես նաև երեխաների ամենասիրելի մրգերը՝ ելակն ու խաղողը, պարունակում են պոտենցիալ վնասակար թունաքիմիկատների (պեստիցիդների) ամենաբարձր մակարդակը։ Այս մասին գրում է CNN-ը։ 

Առողջապահական հարցերով զբաղվող Environmental Working Group (EWG) կազմակերպության երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի համաձայն՝ թունաքիմիկատներով ամենաշատը հագեցած մրգերի և բանջարեղենի ցանկում են հայտնվել նաև նեկտարը, դեղձը, կեռասը, խնձորը, մոշը, տանձը, կարտոֆիլը, հապալասը։

Սպանախը զբաղեցնում է առաջին հորիզոնականը. այն, ըստ քաշի, ունի ավելի շատ թունաքիմիկատների մնացորդ, քան ցանկացած այլ մթերք։ Միջին հաշվով սպանախի մեջ հայտնաբերվել է չորս կամ ավելի տեսակի տարբեր թունաքիմիկատներ։ Բացառությամբ կարտոֆիլի (որտեղ միջինը երկու տեսակ է), մյուս բոլոր նմուշներում առկա են եղել մի քանի տեսակի քիմիկատներ։ Փորձագետները նշում են, որ սա մտահոգիչ է, քանի որ տարբեր թունաքիմիկատների խառնուրդների ազդեցությունը կարող է կուտակվել օրգանիզմում և մեծացնել առողջական ռիսկերը։

EWG-ն ուսումնասիրել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) անցկացրած վերջին թեստերը, որոնց շրջանակում հետազոտվել է 47 տեսակի մրգի և բանջարեղենի ավելի քան 54,000 նմուշ։

Կարևոր է նշել, որ նախքան հետազոտելը, յուրաքանչյուր նմուշ կեղևազրկվել կամ մանրակրկիտ լվացվել է՝ կրկնօրինակելով սպառողի վարքագիծը տան պայմաններում։ Սակայն, նույնիսկ այս քայլերից հետո, թեստերը հայտնաբերել են 264 տեսակի թունաքիմիկատների հետքեր, որոնցից 203-ը առկա են եղել հենց «Կեղտոտ տասնյակի» մեջ ներառված մթերքներում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Կեղտոտ տասնյակը». Ո՞ր մրգերն ու բանջարեղենն են պարունակում ամենաշատ թունաքիմիկատները