Ի՞նչ ճակատագիր է սպասվում թիվ 9 մանկական պոլիկլինիկայի շենքին
Առողջություն
08:56 28/03/2026
Հայաստան

Ի՞նչ ճակատագիր է սպասվում թիվ 9 մանկական պոլիկլինիկայի շենքին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 9 մանկական պոլիկլինիկայի շուրջ ստեղծված իրավիճակը դարձել է հանրային քննարկումների և բնակիչների անհանգստության առարկա, քանի որ հաստատության միացումը հարևանությամբ գործող թիվ 19 պոլիկլինիկային ոչ միայն փոխել է սպասարկման սովորական ընթացքը, այլև տարատեսակ ենթադրությունների ու քննարկումների համար պարարտ հող է ստեղծել։  

Պոլիկլինիկաները նույն շենքում մեկտեղելուց հետո միջանցքներում սարսափելի հերթեր են, կաբինետներ կան, որտեղ սպասող մարդկանց թիվը հասնում է մի քանի տասնյակի, նախապես հերթագրումներն էլ ճիշտ ժամանակին չեն սպասարկվում՝ առաջ բերելով ժամեր շարունակ այստեղ սպասողների դժգոհությունը։ Ավելի վաղ գրել էինք, որ նույն ռենտգեն կաբինետի մոտ սպասում են թե թոքաբորբի կասկածով փոքրերը, թե աշխատանքի համար հետազոտվելու եկած մեծահասակները։

Ի վերջո, ինչո՞ւ միավորվեցին պոլիկլինիկաները։  Սպասարկվող բնակչության շրջանում ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, թե մանկական պոլիկլինիկայի նախկին շենքը հնարավոր է օտարվի կամ վաճառվի մասնավորի, ընդ որում, որպես հավանական տարբերակ նշվում է տարածքը հյուրանոցի կամ այլ բիզնես նպատակների համար ծառայեցնելը։

Այս մտահոգությունների վերաբերյալ  Panorama.am-ը փորձեց Երևանին քաղաքապետարանից  տեղեկատվություն ստանալ մանկական պոլիկլինիկայի շենքի հետագա ճակատագրի մասին։ Այստեղից հստակ պատասխան չտվեցին՝ նշելով, որ շենքի հետ կապված հետագա անելիքները գտնվում են իրավական կարգավորման փուլում։

 «Ներկայումս իրականացվում են համապատասխան գործընթացներ, որոնց նպատակն է շենքը Փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռից տեղափոխել և որպես նվիրատվություն հանձնել Երևան համայնքի տնօրինմանը»,-ասացին քաղաքապետարանից։

Չնայած գույքի սեփականության ձևի փոփոխությանն ուղղված այս քայլերին, քաղաքապետարանն առայժմ հստակ տեղեկատվություն չի տրամադրում շենքի հետագա օգտագործման նպատակների վերաբերյալ՝ նշելով, որ քանի դեռ իրավական գործընթացներն ամբողջությամբ չեն ավարտվել և շենքը պաշտոնապես չի անցել համայնքին, վերջնական որոշում կամ հավելյալ մանրամասներ հրապարակել հնարավոր չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ ճակատագիր է սպասվում թիվ 9 մանկական պոլիկլինիկայի շենքին