2025 -ին Հայաստանում կատարվել է 40.722 հանցագործություն
Իրավունք
10:44 01/04/2026
Հայաստան

2025 -ին Հայաստանում կատարվել է 40.722 հանցագործություն

2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը (2024 թվականին՝ 19.877)՝ Երևան քաղաքում: 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով: Այս մասին նշված է գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ: 

100.000 բնակչի հաշվով արձանագրվել է հանցագործությունների 1315 դեպք (2024 թվականին՝ 1368 դեպք):

2024 թվականի համեմատությամբ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 1516-ով կամ 7%-ով (2024 թվականին՝ 21.557 դեպք, 2025 թվականին՝ 20.041 դեպք), միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 795-ով կամ 6,2%-ով (2024 թվականին՝ 12.790 դեպք, 2025 թվականին՝ 13.585 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 486-ով կամ 8,6%-ով (2024 թվականին՝ 5630 դեպք, 2025 թվականին՝ 5144 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը (առանց հանկարծամահությունների) աճել են 65-ով կամ 10,9%-ով (2024 թվականին՝ 596, 2025 թվականին՝ 661 դեպք):

Հանցագործության 40.722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20.041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13.585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործությունները (ներառյալ հանկարծամահությունները) ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 4,8% (2024 թվականին՝ 4,9%), իսկ ծանր հանցագործությունները՝ 12,6% (2024 թվականին՝ 13,4%):

2024 թվականի համեմատությամբ՝ հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով (2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 18,3%, իսկ 2025 թվականին՝ 17,4%): Ընդ որում, այս ցուցանիշը համադրելի է 2015-2025 թվականների ընթացքում արձանագրված ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշի հետ, որը կազմում է 17,2%:

2025 թվականին 1398-ով կամ 8,6%-ով աճել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (2024 թվականին՝ 16.204 դեպք, 2025 թվականին՝ 17.602 դեպք), 362-ով կամ 7,8%-ով՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները (2024 թվականին՝ 4628 դեպք, 2025 թվականին՝ 4990 դեպք), 11-ով կամ 1%-ով աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները (2024 թվականին՝ 1097 դեպք, 2025 թվականին՝ 1108 դեպք):

2025 թվականին 1739 դեպքով կամ 23,2%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (2024 թվականին՝ 7508 դեպք, 2025 թվականին՝ 5769 դեպք), 1650-ով կամ 13,7%-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2024 թվականին՝ 12.050 դեպք, 2025 թվականին՝ 10.400 դեպք):

Հաշվետու ժամանակահատվածում 36,7%- ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունները (2024 թվականին՝ 1164 դեպք, 2025 թվականին՝ 737 դեպք), որից 20,5%-ով նվազել են առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցագործությունները (2024 թվականին՝ 278 դեպք, 2025 թվականին՝ 221 դեպք), 31,4%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները (2024 թվականին՝ 35 դեպք, 2025 թվականին՝ 24 դեպք), 15,3%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2024 թվականին՝ 203 դեպք, 2025 թվականին՝ 172 դեպք), 12,7%-ով՝ ճանապարհային երթևեկության կանոնները (այսուհետ՝ ՃԵԿ) խախտելը, որն առաջացրել է մահ (2024 թվականին՝ 181 դեպք, 2025 թվականին՝ 158 դեպք), 11,4%-ով՝ խուլիգանությունները (2024 թվականին՝ 877 դեպք, 2025 թվականին՝ 777 դեպք), որից 4%-ով՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունները (2024 թվականին՝ 100 դեպք, 2025 թվականին՝ 96 դեպք), 30,1%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները (2024 թվականին՝ 322 դեպք, 2025 թվականին՝ 225 դեպք), 37,7%-ով՝ կողոպուտները (2024 թվականին՝ 146 դեպք, 2025 թվականին՝ 91 դեպք), 14%-ով՝ գողությունները (2024 թվականին՝ 6838 դեպք, 2025 թվականին՝ 5881 դեպք), որից 18,1%-ով՝ բնակարանային գողությունները (2024 թվականին՝ 933 դեպք, 2025 թվականին՝ 764 դեպք), 22,5%- ով՝ խարդախությունները (2024 թվականին՝ 2848 դեպք, 2025 թվականին՝ 2206 դեպք), 55,5%-ով՝ կաշառք տալը, ստանալը և կաշառքի միջնորդությունները (2024 թվականին՝ 402 դեպք, 2025 թվականին՝ 179 դեպք): 

Հաշվետու ժամանակահատվածում 25,9%-ով աճել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և դրանց ապօրինի շրջանառության հանցագործությունները (2024 թվականին՝ 941 դեպք, 2025 թվականին՝ 1185 դեպք), 20,4%-ով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները (2024 թվականին՝ 3017 դեպք, 2025 թվականին՝ 3631 դեպք), 4%-ով ավազակությունները (2024 թվականին՝ 75 դեպք, 2025 թվականին՝ 78 դեպք), 8,1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները (2024 թվականին՝ 853 դեպք, 2025 թվականին՝ 922 դեպք), 75%-ով՝ փողերի լվացման հանցագործությունները (2024 թվականին՝ 64 դեպք, 2025 թվականին՝ 112 դեպք):

24 դեպքով կամ 20,7%-ով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները: 2015-2025 թվականների ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները ներկայացվում են ստորև.

2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Այսպես, համաձայն Ներքին գործերի նախարարության ոստիկանության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի տվյալների՝ 2025 թվականին կատարված հանցագործությունների 40.722 դեպքից (2024 թվականին՝ 42.057 դեպք) բացահայտվել է 12.114-ը (2024 թվականին՝ 9595-ը), չի բացահայտվել 28.607-ը (2024 թվականին՝ 32.461-ը)։ Այսինքն՝ 2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ, 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով:

Սպանության փորձի դեպքերը, 2024 թվականի համեմատ, աճել են 14-ով կամ 21,9%-ով (2024 թվականին՝ 64 դեպք, 2025 թվականին՝ 78 դեպք): Սպանության նախապատրաստության դեպքերն աճել են 10-ով կամ 500%-ով (2024 թվականին՝ 2 դեպք, 2025 թվականին՝ 12 դեպք): Այսպիսով, 2025 թվականին անձի կյանքի դեմ ուղղված 10 դեպք նախապատրաստության փուլում կանխվել է:

Գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ։ 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2025 -ին Հայաստանում կատարվել է 40.722 հանցագործություն