Ակցիաները չեն ավարտելու մինչև մեր դասընկերոջ ազատությունը. Դավիթ Մինասյանի ընկերների ակցիան՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
Հասարակություն
17:54 02/04/2026
Հայաստան

Ակցիաները չեն ավարտելու մինչև մեր դասընկերոջ ազատությունը. Դավիթ Մինասյանի ընկերների ակցիան՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթի Մինասյանի ընկերները, դասարանցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝  ուշադրություն հրավիրելով Հայաստանում երիտասարդների նկատմամբ, մասնավորապես Դավիթի նկատմամբ կարատրված անարդարությանը։ 

Նրանք նշեցին, որ իրենց նպատակն է հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում իրենց դասընկերոջ հետ։ 

«Ակցիաները չեն ավարտելու մինչև մեր դասընկերոջ ազատությունը»,- ասաց Դավիթի ըներներից մեկը։ 

Նա նշեց, որ Դավիթն այժմ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, բայց կարող էր գտնվել իրենց հետ, պատրաստվել վերջին զանգին։

Դավիթի դասընկերները տարբեր լեզուներով նամակներ են հանձնել Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների՝ ուշադրություն հրավիրելով իրենց դասընկերոջ նկատմամբ կատարված ապօրինությանը։ 

Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի էր ունեցել միջադեպ, իբր Դավիթ Մինասյանը փորձել էր հարվածել Փաշինյանին։ Փաշինյանի թիկնապահները ցանկացել են ճանապարհ բացել, հրել են երիտասարդին,  իսկ վերջինս էլ նշել է, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման են ենթարկել Դավիթին ու եղբորը՝ Միքայելին։ 

Միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Միքայելը, թեև ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց խափանման միջոց է կիրառվել երկրից չբացակայելը։

ՔԿ-ից ավելի հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder