Ժամկետային զինծառայողների հարազատները ՊՆ մոտ են՝ պահանջելով արդարություն և հավասարություն
Հասարակություն
10:40 03/04/2026
Հայաստան

Ժամկետային զինծառայողների հարազատները ՊՆ մոտ են՝ պահանջելով արդարություն և հավասարություն

Ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինծառայողների հարազատներն ասօր հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են արդարություն և հավասարություն՝ ընդգծելով, թե ինչու պետք է նույն թվականին ծնված տղաների մի մասը ծառայի 1,5 տարի, մյուս մասը՝ 2 տարի։

«Ուզում ենք, որ նույն թվականին ծնված տղաների վրա տարածվի օրենքը, չի կարելի տարբերակել։ Ուրիշ բողոք մենք չունենք, միայն այդ օրենքից ենք բողոքում, անարդար է։ Մեր պահանջ է՝ լինի հավասարություն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք,  2025 թվականի ձմեռային  զորակոչի շրջանակներում Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա  ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի  ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված  քաղաքացիները։ Օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում 2025 թվականի ամառային զորակոչի ժամանակ ծառայության մեկնած զինծառայողների վրա։

«Եթե օրենք է եղել, թող հավասար լինի բոլորի համար։ Ինձ թվում է, տղաների համար հոգեբանական սթրես է, պահանջում ենք հավասարություն։ Եթե օրենքով սահմանվում է 1,5 տարի, ուրեմն բոլորի համար, եթե 2 տարի՝ ուրեմն բոլորի համար»,- ասաց  ակցիայի մասնակից մայրերից մեկը։ 

Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ թեև զինվորները չեն բողոքում, բայց նրանց մոտ կա անարդարության զգացում ու դրանից առաջացած ընկճվածություն։ Ըստ ակցիայի մասնակիցներ, եթե հնարավոր չէ օրենքը փոխել, գոնե մի քանի արձակուրդ տան ու այդպես ծառայությունը հասցնել 1,5 տարվա։ 

Նրանք դիմել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ու ակնկալում են պատասխան։ 

Մի քանի ծնողներ իրենց հույսը դրել են Նիկոլ Փաշինյանի վրա. «Գիտեք, որ հարցին կարող եք լուծում տալ։ Խնդրում ենք՝ մի լուծում տաք հարցին»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամկետային զինծառայողների հարազատները ՊՆ մոտ են՝ պահանջելով արդարություն և հավասարություն