Հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում . Սերժ Սարգսյան
Քաղաքական
15:09 04/04/2026
Հայաստան

Հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում . Սերժ Սարգսյան

​«Պատկերացրե՞լ ենք արդյոք, որ պոպուլիստ իշխանազավթները կարող են օրը ցերեկով ոտնահարել Սահմանադրությունը, անտեսել գրված ու չգրված բոլոր բարոյական նորմերը, սեփական աթոռը պահելու դիմաց անամոթաբար վաճառել մեր ազգային արժեքները և չկրեն ոչ մի պատասխանատվություն»,- ՀՀԿ 18-րդ համագումարում հայտարարել է  ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Իր ելույթում նա նաև նշել է.

«Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է», իսկ հիմա արի ու տես՝ պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել», քանի որ այդպես են ուզում Ալիևը և նրա ավագ եղբայրը։

Պատերազմ բերել եք և պատրաստ եք կրկին բերել միայն դուք, իսկ պատերազմ բերողը պետք է հնձի իր ցանածը՝ նվազագույնը իշխանափոխությամբ, առավելագույնը՝ պատժով՝ օրենքի ողջ խստությամբ:

Սա է պահանջում ոչ միայն աստվածային արդարության կանոնը, այլև մեր ժողովրդի կենսական շահը։

Սրանք ասում են՝ «կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»։ Այսինքն՝ մեզ ստիպում են ընտրել վախի և չարիքի միջև՝ որպես ընտրության միակ տարբերակ։ Մինչդեռ իրականում կա այլ տարբերակ, օրինակ՝ այլ իշխանություն՝ ուժեղ բանակցային թիմ, այլ իշխանություն՝ նոր անվտանգային ռազմավարություն, այլ իշխանություն՝ փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ, և այս շարքը կարելի է շարունակել՝ որպես վախի և չարիքի այլընտրանք»:

Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, Սերժ Սարգսյանը հայտարարել է.

«Ցանկանում եմ կարևոր մի հայտարարություն էլ անել՝ եթե իմպիչմենթ, այնուամենայնիվ, տեղի չունենա, ապա անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին, եթե գործող ռեժիմը անհավասար պայմաններում, վարչական ռեսուրսի չարաշահմամբ և անընդունելի այլ մեթոդներով դարձյալ կզավթի իշխանությունը, Հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում . Սերժ Սարգսյան