Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ԸՕ փոփոխության նպատակը ինչն է. Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Քաղաքական
11:44 07/04/2026
Հայաստան

Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ԸՕ փոփոխության նպատակը ինչն է. Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլյակյանը ներկայացրեց իր, ՔՊ-ականներ Ալխաս Ղազարյանի, Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը, որը պետք է քննարկվի 24–ժամյա ռեժիմով։ 

Ըստ նրա, հրատապությունը կայանում է նրանում, որ հունիս 7-ին նախատեսված են ԱԺ հերթական ընտրություններ, նախքան այդ պետք է ընտրությունների կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախաձեռնել։

Նախագծում, ի թիվս այլ լրացումների ու փոփոխությունների, նաև առաջարկվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Լավ է գոնե արդեն կայքում դրված է  նախագիծը, որ հասցնենք ծանոթանալ։ Շատ անկյունաքարային բան է՝ պատգամավորները գալիս են արտահերթ նիստի ու դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին»։

Նա նշեց, որ կա  միջազգային պրակտիկա, Հայաստանին տրված  խորհրդատվություն, որ ընտրություններից առաջ առնվազն 1 տարվա ընթացքում խաղի կանոններ չեն փոխվում։

«Որևէ մեկի համար էլ  գաղտնիք չէ, թե այս Ընտրական օրենսգրքի փոփոխության  նպատակն ինչն է։ Ընտրություններին մնացել է  երկու ամիս, դուք կոչում եք դա վրիպակ, բայց անկյունաքարային փոփոխություն է, որն առաջարկում եք»,- ասաց Մանուկյանը։

Ջուլհակյանն ասաց, որ խորհուրդ չի տրվում ԸՕ-ում փոխոխություններ կատարել ընտրություններից կարճ ժամանակ առաջ, Վենետիկի  հանձնաժողովն ունի նման  ռեկոմենդացիա, բայց դա վերաբերելի է միայն հիմնարար կանոններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե ԸՕ փոփոխության նպատակը ինչն է. Մանուկյանը՝ ՔՊ-ականներին