Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջարկում եմ՝ հրապարակեք ցուցակ, ովքեր ձեր սրտով չեն, ասեք՝ ձեզ չենք գրացելու, մենք էլ մեր անելիքն իմանանք. Կարապետյանցը՝ ՔՊ-ականներին
Օրեր առաջ հայտարարվեց «Նժար» սահմանադրական շարժման և «Բոլորին դեմ եմ» կուսակցության միավորման և առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու մասին։ Իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիրներից Նինա Կարապետյանցն ասուլիսում մանրամասնեց, թե ինչ տրամաբանությամբ են միավորման որոշում կայացրել։
«Մենք ու «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ունենք գրեթե համընկող նպատակներ՝ փորձել համախոհ, ազնիվ մղումներ ունեցող մարդկանց համախմբել, ստեղծել իրավիճակ և Հայաստանից բխող գաղափարներներ առաջ տանել։
Մենք նաև ասել ենք, որ քաղաքականության մեջ պետք է ձևավորվեն էլիտաներ, մյուս կողմից էլ պետք է առողջ սերնդափոխություն լինի։ Շատ տրամաբանական էր միավորվել՝ ցուցաբերելով սերունդների համերաշխություն»,- ասաց Նինա Կարապետյանցը։
Նա նշեց, որ դաշինքով չեն գնալու, գնալու են մեկ կուսակցությամբ, և իրենց կարող են միանալ նաև այլ ուժեր, «դռները բաց են»։
«Մենք գալու ենք 100 օրով, մեր վարչապետի թեկնածուն այլևս չի մասնակցելու ընտրություններին, իր խնդիրն է լինելու կազմակերպել հաջորդ ընտրությունները»,- ասաց Կարապետյանցը։
«Բոլորին դեմ եմ» շարժման ներկայացուցիչն ասաց, որ այս քաղաքական դաշտում, նեղ կուսակցական գզվռտոցից հոգնել են. ««Նժարն» ամբողջ քաղաքական դաշտում խոսում էր այն մասին, որ պետք է համակարգային փոփոխություն լինի»։
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում նախօրեին ՔՊ-ի կողմից առաջարկված ու ԱԺ կողմից ընդունված փոփոխություններին, ըստ որի դաշինքները չեն կարող անձնանունով կոչվել, Կարապետյանցն ասաց. «Սկսել են խոսել, տեղյակ պահել հավանաբար, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը կարող է չգրանցեն։ Առաջարկում եմ՝ ով ձեր սրտով չէ, միանգամից այդ ցուցակը հրապարակեք, ասեք՝ ձեզ չենք գրացելու, մենք էլ մեր անելիքն իմանանք։ Եթե սկսել եք անհանգստանալ, նշանակում է ունեք տեղեկություններ այն մասին, որ «Բոլորին դեմ եմ» թիմը սկսել է ավելի ինտենսիվությամբ կողմնակիցներ հավաքել»։
Նա նշեց, որ իրենք չեն համակերպվելու այդ իրավիճակին։ «Եթե Նիկոլ Փաշինյանին ու իշխող ուժին մնա, ենթադրում եմ, կգրանցեն Նիկոլ Փաշինյանին ու հարակից մնացած կուսակցություններին, ովքեր պատրաստ են իրենց ձայնը փոխանցել Փաշինյանին, մեկ էլ մի կուսակցություն կթողեն, բոբոյի դերում պահելու համար։ Բայց իրականության մեջ կարող ենք կոտրել այս մատրիցան, նպաստել հենց այդ խաղի կանոնները կոտրելուն, որոնք թույլ չեն տալիս որևէ այլ ուժի, առողջ ուժի գալ իշխանության»։
Ըստ նրա, միջազգային գործընկերները պատրաստ են լինելու Նիկոլ Փաշինյանի կողմից արված ամեն ինչ արդարցնել, բայց կա հասարակություն, կա փողոցային պայքարի գործիքակազմ։