Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
13:59 09/04/2026
Հայաստան

Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել. Նիկոլ Փաշինյան

«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել, և՝ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության, համենայն դեպս՝ այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունը լայն և բաց է, մենք շարունակելու ենք աշխատանքը»,-այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան ժամանած ղազախ պաշտոնյաների հետ քննարկումների օրակարգում ընդգրկվա՞ծ է երկաթուղու կառավարման փոփոխության հարցը, առանց Ռուսաստանի:

Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանն օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ, քանի որ այն միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացում:

Հիշեցնելով որ, Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է՝ Փաշինյանն ասաց. «Այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չէ, որ ակնհայտորեն հետաքրքրված է: Բազմաթիվ երկրներ հետաքրքրված են, հրապարակային պրոցես է ընթանում, և չենք պատրաստվում, բնականաբար, թաքցնել մեր գործընկերներից: Բնականաբար, մենք, այդ թվում Ղազախստանին, պիտի հրավիրենք պատրաստ լինելու Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործելու իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար, որովհետև տրանսպորտի ոլորտի բիզնեսը, որը մասնավոր է, բայց, իհարկե, պետությունը նաև որոշակի դեր ունի, չի կարող առանձին վերցրած կտորով լինել, որովհետև, այո՛, շատ լավ, երկրի մի հատվածից վերցվեց, տարվեց մյուս սահման, բայց ի շարունակություն պետք է լինի ամուր գործընկերություն, որպեսզի այդ հատվածն աշխատի:

Իսկ երկաթուղու հետ կապված ընդհանրական հարցը հրապարակային քննարկվող հարց է, հնարավոր է՝ նաև այդ հարցին անդրադարձ լիներ, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե ղազախ պաշտոնյաների հետ քննարկվել է TRIPP նախագիծը, Փաշինյանն ասաց TRIPP-ը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար ներդրումային հնարավորություններ  է բացելու:

«Մարդիկ ուզում են հասկանալ՝ TRIPP նախագիծն ինչ հնարավորություններ է բացելու, որպեսզի իրենք էլ իրենց հաճախորդներին առաջարկեն տարբերակներ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այն վերաբերում է  «Միջին միջանցքին»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել. Նիկոլ Փաշինյան