Վարչական ղեկավարներին հրահանգվել է ծրագիր-հավելվածներ բեռնել և մտնել յուրաքանչյուր բնակչի տուն. Արծվիկ Մինասյանը՝ ԿԸՀ նախագահին
Քաղաքական
17:11 10/04/2026
Հայաստան

Վարչական ղեկավարներին հրահանգվել է ծրագիր-հավելվածներ բեռնել և մտնել յուրաքանչյուր բնակչի տուն. Արծվիկ Մինասյանը՝ ԿԸՀ նախագահին

«Հրապարակվեցին ընտրացուցակները, որոնք մի քանի տասնյակ հազարով ավելի քիչ էին, քան վերջին ընտրությունների ժամանակ, սա այն դեպքում, երբ ունենք Արցախից տեղահանված 100.000-ից ավել անձինք»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ պատճառաբանվում է, որ այդ պահին վավեր անձնագրերով ընտրողներն են հաշվառվել և հարցրեց, թե արդյոք անձը, որը չունի վավեր անձը հաստատող փաստաթուղթ իրավունք ունի մասնակցել ընտրության։

«Անհասկանալի հակաքարոզչություն է գնում, թե իբր Հայաստանից դուրս ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք իրավունք չունեն մասնակցեն ընտրությանը»,- ասաց Մինասյանը և հարցրեց, թե արդյոք այն այդպես է։

 Անդրադառնալով վարչական ռեսուրսների չարաշահմանը՝ Մինասյանն ասաց. «Ակնհայտ է, որ այս ընթացքում, օդում կախված լուրերի համաձայն, վարչական ղեկավարները Համայնքապետերից ստացել են ինչ-որ ծրագիր-հավելված քաշելու հանձնարարական՝ կառավարության հանձնարարությամբ։ Այդ ծրագրով մտնում են իրենց համայնքում ապրող բոլոր անձանց տներ, պատրվակը՝ թե ինչ է կատարվում  ընտանիքում և զեկուցում են համապատասխան տեղը, թե տվյալ անձն ինչպես է մտածում, արդյոք կքվեարկի իշխանության, թե ոչ։ Իսկ այդ ծրագիրը ցույց է տալիս վարչական ղեկավարի գեոլոկացիան»։

Հովակիմյանն ասաց, որ վարչական ռեսուրսի օգտագործման ահազանգ չունի, իսկ բոլոր քաղաքացիներն ազատ և գաղտնի քվեարկելու իրավունք է ունենալու։

«Հրապարակված ընտրողների թվի առումով ասեմ, որ 2025 թվականին 2 մլն 586 հազար են եղել ընտրացուցակներում․ Այս ընտրությունների համար առաջին թիվը, որ հրապարակվեց 2 մլն 489 հազար է»,-ասաց հովակիմյանը և բացատրեց, որ 2021 թվականից, երբ ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, դրանցով ընտրական ցուցակում չեն ընդգրկվում 6 ամիս և ավել վավեր փաստաթուղթ չունեցող անձանց տվյալները, բայց մնում են բնակչության պետական ռեգիստրում և մինչև ընտրությունների օրը վավեր փաստաթուղթ վերցնելուց հետո կարող են մասնակցել ընտրությանը, իսկ ընտրության օրաը միայն դատական կարգով կարող են այդ իրավունքն ստանալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder