Ռուսական երեք սուզանավեր փորձել են «գաղտնի գործողություն» իրականացնել Անգլիայի ափերի մոտ
Քաղաքական
13:50 10/04/2026
Աշխարհ

Ռուսական երեք սուզանավեր փորձել են «գաղտնի գործողություն» իրականացնել Անգլիայի ափերի մոտ

Լոնդոնը պնդում է, որ ռուսական երեք սուզանավ փորձել են «գաղտնի գործողություն» իրականացնել Միացյալ Թագավորության ափերի մոտ: Ռուսաստանը, «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների քողի տակ», երեք սուզանավ է տեղակայել Միացյալ Թագավորության ափերին և հարակից ջրերում «չարամիտ գործունեության» համար։ Այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։

Ըստ բրիտանական իշխանությունների, մի քանի շաբաթ առաջ Հյուսիսատլանտյան օվկիանոսի միջազգային ջրեր է մտել ռուսական «Շչուկա-B» դասի միջուկային սուզանավը: Այն հայտնաբերվել և 24-ժամյա հսկողության տակ է դրվել: Այնուամենայնիվ, զինվորականները «արագորեն եզրակացրել են, որ սուզանավը տեղակայվել է որպես շեղող մարտավարություն»:

ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ համատեղ, Լոնդոնը հետևել է ևս երկու սուզանավերի այլ տարածքներում, որոնք, ենթադրաբար, պատկանում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության խորջրյա հետազոտությունների գլխավոր վարչությանը: Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ սուզանավերը ներգրավված էին «կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների դեմ չարամիտ գործունեության մեջ»: Երբ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները «հստակեցրել են, որ սուզանավերի գործունեությունն այլևս գաղտնի չէ, ինչպես պլանավորել էր Պուտինը», սուզանավերը «նահանջել են և վերադարձել բազա»,-ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր ակտիվ գործողությունները մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ։ Եվ դուք պետք է իմանաք, որ վնաս պատճառելու ցանկացած փորձ անպատիժ չի մնա և լուրջ հետևանքներ կունենա», -ըստ «Դոյչե վելե»-ի, Վլադիմիր Պուտինին է դիմել Ջոն Հիլին։

Ռուսաստանը ժխտել է ռուսական սուզանավերից սպառնալիքի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի մեղադրանքները ։

«Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Մոսկվան «չի սպառնում Մեծ Բրիտանիայի ստորջրյա ենթակառուցվածքներին» և «չի օգտագործում ագրեսիվ հռետորաբանություն այս հարցում»,-հաղորդում է ՏԱՍՍ պետական ​​լրատվական գործակալությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder