Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսական երեք սուզանավեր փորձել են «գաղտնի գործողություն» իրականացնել Անգլիայի ափերի մոտ
Լոնդոնը պնդում է, որ ռուսական երեք սուզանավ փորձել են «գաղտնի գործողություն» իրականացնել Միացյալ Թագավորության ափերի մոտ: Ռուսաստանը, «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների քողի տակ», երեք սուզանավ է տեղակայել Միացյալ Թագավորության ափերին և հարակից ջրերում «չարամիտ գործունեության» համար։ Այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
Ըստ բրիտանական իշխանությունների, մի քանի շաբաթ առաջ Հյուսիսատլանտյան օվկիանոսի միջազգային ջրեր է մտել ռուսական «Շչուկա-B» դասի միջուկային սուզանավը: Այն հայտնաբերվել և 24-ժամյա հսկողության տակ է դրվել: Այնուամենայնիվ, զինվորականները «արագորեն եզրակացրել են, որ սուզանավը տեղակայվել է որպես շեղող մարտավարություն»:
ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ համատեղ, Լոնդոնը հետևել է ևս երկու սուզանավերի այլ տարածքներում, որոնք, ենթադրաբար, պատկանում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության խորջրյա հետազոտությունների գլխավոր վարչությանը: Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ սուզանավերը ներգրավված էին «կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների դեմ չարամիտ գործունեության մեջ»: Երբ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները «հստակեցրել են, որ սուզանավերի գործունեությունն այլևս գաղտնի չէ, ինչպես պլանավորել էր Պուտինը», սուզանավերը «նահանջել են և վերադարձել բազա»,-ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր ակտիվ գործողությունները մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ։ Եվ դուք պետք է իմանաք, որ վնաս պատճառելու ցանկացած փորձ անպատիժ չի մնա և լուրջ հետևանքներ կունենա», -ըստ «Դոյչե վելե»-ի, Վլադիմիր Պուտինին է դիմել Ջոն Հիլին։
Ռուսաստանը ժխտել է ռուսական սուզանավերից սպառնալիքի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի մեղադրանքները ։
«Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Մոսկվան «չի սպառնում Մեծ Բրիտանիայի ստորջրյա ենթակառուցվածքներին» և «չի օգտագործում ագրեսիվ հռետորաբանություն այս հարցում»,-հաղորդում է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը։