Եթե 3 ռուսամետ ուժերը միանան, ապա հունիսի 7-ին իշխանափոխություն տեղի կունենա․ Արմեն Բադալյան
Քաղաքական
16:00 11/04/2026
Հայաստան

Եթե 3 ռուսամետ ուժերը միանան, ապա հունիսի 7-ին իշխանափոխություն տեղի կունենա․ Արմեն Բադալյան

2026թ․-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզարշավը թեև պաշտոնապես չի մեկնարկել, դեռևս հայտնի չեն  ուժերի վերջնական ցանկը, որոնք կմասնակցեն քարոզարշավին, բայց ամեն դեպքում, արդեն մասնակցության մասին հայտարարած ուժերը սկսել են ակտիվություն ցուցաբերել և խոսել ծրագրերի մասին։

 Ինչպե՞ս են իրենց ներկայացնում քաղաքական ուժերը հանրությանը, ի՞նչ քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառում Panorama.am-ը վերլուծել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

Ի սկզբանե, ըստ Բադալյանի, պետք է նշել, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, քանի որ  լինելու է պայքար՝ ռուսամետ և արևմտամետ ուժերի միջև։

«Եթե ընդհանուր սկզբունքը վերցնենք, ապա այս ընտրական  կամպանիան գնում է դեպի  ամևմտամետ և ռուսամետ ուժերի միջև։ Այսինքն՝ սա Հայաստանի Հանրապետության տարածքում պայքար է Եվրամիության և Ռուսաստանի միջև՝ ընտրությունների  տեսքով։ Եթե Եվրոմիություն-Ռուսաստան պայքարն Ուկրաինայում տեղի է ունենում ռազմական ճանապարհով, ապա Հայաստանում, մոտակա քարոզարշավից սկսած, ականատես կլինենք Եվրոմիություն- Ռուսաստան  ընտրությունների ձևաչափով հակամարտության։ Հարկ է ընդգծել, որ նախկինում նման  բան չի եղել, հիմա՝ կա։ Ամենակարևորը՝ նախկինում չենք նկատել, որ  Ռուսաստանը բացահայտ Հայաստանում ռուսամետ ուժերին աջակցություն հայտնի, ինչպես եղավ վերջերս՝  Փաշինյան-ՌԴ նախագահ հանդիպմանը ժամանակ»,-ասաց Բադալյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ուժերի ընտրությունների արդյունքների հնարավոր սցենարին, մասնագետը հիշեցրեց, որ սկսած 1995թ․-ից մինչև 2021թ-ը  Ազգային ժողովի բոլոր ընտրություններին սովորաբար հաղթանակ է գրանցել  իշխող քաղաքական ուժը, ինչն ըստ քաղտեխոնոլոգի՝  նորմալ օրինաչափություն չէ։ Հիմա կկրկնվի՞ այս օրինաչափությունը, թե ՝ոչ,ըստ Բադալյանի՝ դժվար է ասել, քանի որ մի կարևոր հանգամանք կա։

«Եթե 3 ռուսամետ ուժերը միանան՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ», «Հայաստան դաշինք»,  ԲՀԿ-ն և ունենալով  Ռուսաստանի նկատելի աջակցությունը, ապա հավանականությունը շատ մեծ է, որ հունիսի 7-ին  իշխանափոխություն տեղի կունենա։ Այդ դեպքում՝ 95թ․-ից ի վեր ձևավորված օրինաչափությունը չեղյալ կհայտարարվի։ Իսկ եթե իշխող քաղաքական ուժն այս կամ այն պատրվակով, ինչ-որ մի ձևով կարողացավ ՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հանել ընտրարշավից, ուրեմն, կարող ենք ասել, որ վարչապետը 50 %-ով արդեն ընտրված վարչապետ է, կմնա զուտ տեխնիկական գործողությունը, քանի որ  «Հայաստան դաշինք» և ԲՀԿ-ն չեն կարող ավելի շատ ձայն հավաքել, քան ՝ ՔՊ-ն»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը։

Այսուհանդերձ, Բադալյանի դիտարկմամբ՝  Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն վարկանիշը, որն ուներ 2021թ․-ին։

«Սոցիոլոգ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ չի պահպանվել նույն վարկանիշը, իհարկե ՝ իջել է։ Բայց  դա չի նշանակում, որ  մյուսներինը բարձրացել է, ոչ։ Մի բան կարող ենք ասել՝ Փաշինյանի վարկանիշն  արդեն այնքան չէ, որ ինքը միասնական  կարողանա արդեն 2021 թ․-ի գործոններն օգտագործի։  Կրկնի այն ֆենոմենը, երբ 18 թ․-ի հեղափոխական էյֆորիայով «խփեց» այնքան տոկոս, որքան՝ ուզեց, իսկ 21 թ․-ին էլ ամեն դեպքում կարողացավ 2-րդ նախագահին դեմ ընտրազանգվածին իր կողմը տանել։ Ինքը հիմա այդքան վարկանիշ չունի, դրա համար եմ նշում, որ եթե երեք ռուսամետ ուժեր մասնակցեն ընտրություններին, ապա հավանականությունը շատ մեծ է, որ  3-ով միասին ավելի շատ տոկոս կունենան՝ Սամվել Կարապետյան վարչապետությամբ,  քան՝ ՔՊ-ն»,- ասաց նա։

 Իսկ ինչպե՞ս են այժժմ իրենց մասնակցության մասին հայտնած քաղաքական ուժերը կառուցում պայքարի ընթացքը։ Քաղտեխնոլոգն անդրադարձավ առանձին-առանձին, բայց ընդհանուր առմամբ  գնահատեց՝ ուժերն օգնագործում են 90-ականների քաղաքական տեխնոլոգիաները, որոնք արդեն արդյունավետ չեն։ Ըստ նրա՝ այսօր ընտրական տեխնոլոգիաները զարգացել են, բավականին առաջընթաց է եղել, սակայն կուսակցությունները դեռևս կիրառում են 90-ական թվականների տեխնոլոգիաները։

Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա Բադալյանը նշեց, որ դաշինք կազմելու պարագայում՝ գուցե հնարավորություն ունենան անցնելու, բայց այս պահին նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե 3 ռուսամետ ուժերը միանան, ապա հունիսի 7-ին իշխանափոխություն տեղի կունենա․ Արմեն Բադալյան