Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասկանալի է, թե ինչու Բագրատ Սրբազանն այս օրերին ազատության մեջ չէ. Պաշտպան
«Ոչ թե միտում եմ նկատում, այլ անգործություն։ Նկատում եմ ծանրաբեռնվածություն՝ պայմանավորված քաղաքական հետապնդումներով»,- 18 արդարների գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանի պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ոստիկաններն այսօր դատարան չէին բերել տնային կալաքում գտնվող Արթուր Սարգսյանին ու Վահագն Չախալյանին, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվեց։
Ս. Հարությունյանը նշեց, որ Հայաստանում հանցագործությունների թիվն ավելանում է, բայց իրավապահ համակարգը լծված է քաղաքական հետապնդումներին։
«Այսօր արդեն իմացանք, որ 15 հոգու ձերբակալել են։ Պարզ է, որ դրանով է ծանրաբեռնված, կարող է մի քիչ էլ իրենց մասնագիտական տոնն են նշում»,- ասաց Ս. Հարությունյանը։
Փաստաբանը նշեց, որ վարույթի նախաձեռնման օրվանից ի վեր պարզ էր՝ այս ամենը շինծու է, չի կարելի լուրջ վերաբերվել. «Օր-օրի ողջ փաստարկները ցույց են տալիս այս գործի շինծու լինելը, 18 անձանց արդար լինելը, որոնք հանիրավի անազատության մեջ են գտնվել երկար ժամանակ, իսկ Բագրատ Սրբազանը մինչ օրս է անազատության մեջ։
Հասկանալի է, թե ինչու Բագրատ Սրբազանն այս օրերին ազատության մեջ չէ, որովհետև առջևում ընտրություններ են, իր խոսքը մեծ ազդեցություն կարող է ունենալ»։
Ս. Հարությունյանն ասաց, որ արդար դատաքննության պարագայում լինելու է արդարացում բոլոր 18 անձանց պարագայում։
«Բայց գիտենք, թե ինչպիսի ճնշումներ են լինում դատավորների նկատմամբ, դեպքեր են եղել, որ դատավոր է կալանավորվել ոչ իշխանահաճո որոշման համար։ Տեսնում ենք՝ ինչ մթնոլորտ է և ակնկալել այս մթնոլորտում արդար դատաքննություն, այնքան էլ ողջամիտ չէ»,- ասաց փաստաբանը։