Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞րն է այդ իրականը, ասեք, պրծնենք, բոլորը հանգստանան. Դատավորը՝ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալին
«Ձեր ասածները կարծիք է ստեղծում, որ կա իրական ինչ-որ հանգամանք, որի մասին չեք հայտնում։ Ո՞րն է այդ իրականը, ասեք, պրծնենք, բոլորը հանգստանան, մենք բոլորս էլ սպասում ենք՝ եթե կա իրական հանգամանք, որը հայտնի չէ բոլորիս, ասեք»,- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստում ասաց նիստը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանը՝ դիմելով հարցաքննվող մեղադրյալ Մառլեն Սարգսյանին, ով եղել է ՀՀ ՊՆ 75937 զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը։
Մ. Սարգսյանն ասաց, որ իրենք բազմաիթվ միջնորդություններ, բացարկներ են հայտնել, որոնք քննիչի կողմից անտեսվել են ու գործն այդպես կիսատ ուղարկվել է դատարան։
«Ես ամպագոռգոռ հայտարարություններ չեմ անում։ Ես խոսում եմ միայն փաստերով, միայն իրականությունից ելնելով»,- ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ մինչ օրս ցանկացած ինֆորմացիա հայտնել է դատարան, պատրաստ է նույն ձևով շարունակել, ոչ մեկից կաշկանդվածություն չունի։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։
Մառլեն Խաչիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, նշանակված լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետի պաշտոնին, պարտավոր լինելով իմանալ զորամասի օբյեկտների հրդեհավտանգության առանձնահատկությունները, զորամասի սպայական կազմի, ենթասպաների և ավագների համար կազմակերպել դասընթացներ՝ հակահրդեհային պատրաստության հրդեհաշիճման միջոցների կիրառման ու պահպանման վերաբերյալ, հսկել հրդեհաշիճման միջոցների սարքին վիճակը և նպատակային օգտագործումը, ժամանակին զեկուցել հրամանատարին զորամասի օբյեկտներում հայտնաբերված թերությունների մասին և դրանց հայտնաբերման դեպում շուտափույթ վերացնել դրանք և կանխել հրդեհի առաջացում: Սակայն իր պարտականությունների չկատարման հետևանքով ՀՀ ՊՆ 75937 զորամասի կացարանում բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել, պահեստային ելքի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել կոտրել կացարանի պատուհաններին ամրակցված երկաթե ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից, ինչի հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը, Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։