«Կարողանալո՞ւ է նայել մարդկանց աչքերին». Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Իրավունք
15:45 05/12/2025
Հայաստան

«Կարողանալո՞ւ է նայել մարդկանց աչքերին». Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարաձգել մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը։

Մեղադրողը նշեց, որ որ մեղադրյալի խափանման միջոց կալանքի վերաբերյալ դատարանի կողմից  նախկին որոշմամբ արձանագրված հիմքերն ու պայմանները շարունակում են առկա լինել, որևէ կերպ չեն նվազել, չեն չեզոքացվել, այս փուլում խոչընդոտելու հնարավորությունը դեռ  առկա է։  

Հանրային մեղադրողը նշեց, որ որևէ  այլընտրանքային խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ենթադրյալ վտանգները։

Տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը համամիտ է հանրային մեղադրողի  կողմից արտահայտված դիրքորոշմանը՝ նշելով, որ տվյալ փուլում անհրաժեշտ է կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով։ 

Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ դատաքննության ընթացում իր պաշտպանյալը ոչ միայն ազդեցություն չուներ, այլ չէր էլ կարող ունենալ որևէ վկայի վրա։ Նա նշեց, որ նեկայումս  դատաքննությունը գտնվում է  ապացույցների հետազոտման փուլում և առավել ևս Հակոբյանը որևէ ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ ապացույցները գտնվում են դատարանի տրամադրության տակ, կողմերն ակտիվորեն քննարկում են։ Հ.Սարգսյանը միջնորդեց Եղիշե Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, ընդ որում՝ համակցված՝ գրավ, բացակայելու արգելք, տնային կալանք։  Նա նշեց, որ վկաներին խոչընդոտելու հանգամանքն ընդհանրապես վերացել է։

Դատարանի դահլիճում ներկա տուժածների, զոհվածների հարազատները պաշտպանի միջնորդությունից հետո իրենց դժդոգությունը հայտնեցին։

«Բայց ինքը ուզո՞ւմ է, կարողանալո՞ւ է հասարակության մեջ դուրս գալ, մարդկանց աչքերին նայել»,- դատարանի դահլիճից ասաց ներկաներից մեկը։ 

Դատավորը որոշեց մեղադրյալ Եղիշե Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 29-ին։ Այս անգամ նիստը կկայանա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում, քանի որ, ինչպես նշեց դատավորը, զննելու են իրեղեն ապացույցները, որոնց ծավալը մեծ է, հնարավոր չէ տեղափոխել։ 

Հիշեցնենքոր 2023-ին հունվարի 19-ինժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի 
ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 
ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։ 

Եղիշե Վահագնի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով,որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել: Արդյունքում Եղիշե Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը,Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Կարողանալո՞ւ է նայել մարդկանց աչքերին». Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց