«Ժողովուրդ». Ինչ գույք և ունեցվածք ունի ՔՊ ցուցակի 35-րդ համարում ընդգրկված Արաքսյա Վարդանյանը
Օրվա մամուլ
08:38 18/04/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ գույք և ունեցվածք ունի ՔՊ ցուցակի 35-րդ համարում ընդգրկված Արաքսյա Վարդանյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը իրականացրել է ուսումնասիրություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 35-րդ համարում ընդգրկված, «Ուրախ ավտոբուսի» ներկայացուցիչ Արաքսյա Վարդանյանի վերաբերյալ։ Պարզվեց, որ Արաքսյա Վարդանյանը հանդես է գալիս որպես Փարաքար համայնքի ավագանու անդամ և ՔՊ կուսակցության ակտիվ ներկայացուցիչ։ Հատկանշական է, որ երկարատև որոնումների արդյունքում նրա մասնագիտական կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տվյալներ չկան։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ միայն պաշտոնական հայտարարագրերն են հնարավորություն տալիս պատկերացում կազմել նրա աշխատանքային գործունեության և եկամուտների մասին։ Հայտարարագրերում նշված են նրա աշխատատեղերը՝ «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն, «Ավելիաց» կազմակերպություն։

Ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Արաքսյա Վարդանյանի գույքն ու եկամուտները. Անշարժ գույք՝ բնակելի տուն Փարաքարում (համատեղ սեփականություն, 2013թ.), հողամաս Փարաքարում (2019թ.), 2024-ին ձեռք բերված անավարտ շինություն Երևանում՝ 27,060,000 դրամ, տրանսպորտային միջոց՝ HONDA (2018, ձեռքբերում՝ 01/07/2023), թանկարժեք զարդ՝ 15,000,000 դրամ արժեքով, բանկային հաշիվների մնացորդ՝ 2,645,320 դրամ, կանխիկ միջոցներ՝ 1,000,000 դրամ, վարկային պարտավորություն՝ 23,000,000 դրամ (բնակարան)։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,842,313 դրամ՝ ստացված «Ձորակ» և «Ավելիաց» կազմակերպություններից։

2023 թվականի հայտարարագրում արձանագրվում են զգալի տատանումներ. թանկարժեք զարդ, սակայն այստեղ նշված է արդեն 20,000,000 դրամ, տարվա սկզբում՝ HYUNDAI (2012), տարվա ընթացքում ձեռք բերված HONDA (2018)՝ 5,820,000 դրամ, տարվերջին նշվում է միայն HONDA մեքենան, բանկային հաշիվներ՝ բացակայում են, կանխիկ միջոցներ՝ 4,000,000 դրամ, եկամուտներ՝ 3,836,730 դրամ («Ձորակ» կենտրոն)։

Հատկանշական է, որ տարվա ընթացքում մեքենայի օտարման վերաբերյալ տվյալ չի նշվում, սակայն տարվա վերջում Hyundai-ն այլևս չի երևում հայտարարագրում։

2022 թվականի հայտարարագրում ընդհանրապես տրանսպորտային միջոց չի նշվում, բանկային հաշիվներ նույնպես բացակայում են, իսկ կանխիկ միջոցները կազմում են 4,000,000 դրամ։

2021 թվականի սկզբնական հայտարարագրում, պաշտոն ստանձնելու պահին, նշված է. 4,000 եվրո բանկային մնացորդ, 4,900,000 դրամ կանխիկ միջոց, եկամուտներ՝ բացակայում են։ Հատկանշական է՝ 2021 թվականին մեքենա հայտարագրված է։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ տարբեր տարիների տարեկան հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս մի շարք էական անհամապատասխանություններ և չբացատրված փոփոխություններ գույքային և ֆինանսական տվյալներում։ Մասնավորապես, արձանագրվում են տրանսպորտային միջոցների առկայության և բացակայության չհամընկնող տվյալներ, բանկային հաշիվների մնացորդների կտրուկ տատանումներ, ինչպես նաև կանխիկ միջոցների և թանկարժեք գույքի արժեքների փոփոխություններ։ Եվ ամենակարևորը՝ թանկարժեք զարդն ինչ է, ինչ ծագում ունի, նվեր է ինչի դիմաց, թե գնում՝ ինչ միջոցներով։

Միաժամանակ, հայտարարագրերում նշված եկամուտների և ձեռքբերումների կառուցվածքը տարբեր տարիներին զգալիորեն փոխվում է՝ առանց հստակ բացատրական հիմնավորումների, ինչը առաջացնում է տվյալների համադրելիության և թափանցիկության վերաբերյալ հարցեր։

Ընդհանուր առմամբ, ներկայացված հայտարարագրերի վերլուծությունը վկայում է ֆինանսական ցուցանիշների անկանոն շարժերի մասին, որոնք պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ և վերահսկող մեխանիզմների առավել հստակ կիրառում Հայաստանի կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովի կողմից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder