Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան
Քաղաքական
12:19 21/04/2026
Հայաստան

Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան

«Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է»,-ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակում է. «Վերջին տասնամյակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մի մեծ մասով օտարվել է և շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»: 

Փաշինյանը հայտարարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է ՀԱԵ բարենորոգման օրակարգը և որդեգրում է հետևյալ ճանապարհային քարտեզը.

«ա. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում՝ հանսգտի կոչում

բ. սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն.

գ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունում. կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգերը.

դ. սահմանված կարգով Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած  խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու:

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքների  ազատությունը ու վերահաստատում, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, և որ Սահմանադրության համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»։ 

Փաշինյանը նշում է, որ ինքը եկեղեցին պետությունից անջատ լինելու լիարժեք կողմնակիցն է. «Եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին չի կարող դուրս  լինել պետությունից, ավելին՝ եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ։ Շատ է խոսվում այն մասին, որ, օրինակ, բարենորոգման օրակարգն եկեղեցու դեմ է։ Ընդահակառակը, բարենորոգման օրակարգը հանուն եկեղեցու է»։ 

Նա նաև ասում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին պետք է գործի պետության մեջ և պետության սահմանած կանոններով։ 

«Հայաստանում գործում է համընդհանուր հայտարարագրման  համակարագ, և այս համակարգից չեն կարող դուրս լինե հոգևոր ծառայողները։ Վաղուց ենք խոսել, որ եկեղեցին որոշակի  առևտրային գործունեության և Հայաստանի օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաև հարկերի վճարի»,- ասում է Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան