Այն, ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին. Ձերբակալությունից հետո ՀՊՄՀ պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել ու հանդիպումների մասնակցել
Իրավունք
22:30 23/04/2026
Հայաստան

Այն, ինչ կարելի է Զևսին, չի՞ կարելի եզին. Ձերբակալությունից հետո ՀՊՄՀ պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել ու հանդիպումների մասնակցել

Ապրիլի 18-ին լուրեր տարածվեցին, ապա Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հաստատվեցին, որ ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտության հարցերով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը,  նրա որդին ու համալսարանի այլ աշխատակիցներ։

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական  կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,-մանրամասնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ նախնական վարկածի` պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում, սակայն նա աշխատանքի չի ներկայացել։

Հնչեղ ձերբակալությունից հետո սակայն կարծես ամեն ինչ մոռացվեց, Մարիամ Իսպիրյանը ոչ միայն ազատության մեջ է,  այլև մասնակցում է համալսարանական կյանքին, հանդիպումներին ու քննարկումներին։

Օրինակ, երեկ՝ ապրիլի 22-ինամալսարանի կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ուսումնագիտական հարցերով պրոռեկտորը մասնակցել է մի հանդիպման, որի նպատակն էր քննարկել ապրիլի 29-ին ՝ Պարի միջազգային օրվա առթիվ կազմակերպած մեծամասշտաբ միջոցառմանը բուհի հնարավոր մասնակցության հարցը։ Ռեկտորի, պրոռեկտորների աղմկահարույց ձերբակալություններից հետո այս բուհում դեռ պարելու սիրտ ունեն, ու պարելու հարցերն էլ քննարկում է ոչ ավել, ոչ պակաս խարդախության կասկածանքով օրեր առաջ ձերբակալված պրոռեկտորը։

Անմեղության կանխավարկածի մասին ամենևին չմոռանալով՝ նկատենք, ուշագրավ է, որ ավելի վաղ՝ անցած տարվա հոկտեմբերի կեսերին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ձերբակալված ռեկտոր Սրբուհի Գևորգյանին, մյուս պրոռեկտորին ոչ միայն ազատեցին աշխատանքից, այլև զրկեցին համալսարան մուտք գործելու հնարավորությունից։ Մեղադրանքներն էլ նման են՝ Գևորգյանն ու մյուս ձերբակալվածները մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Մամուլում այսօր տեղեկություններ հայտնվեցին ու դեռ չեն հերքվել,  պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը վայելում է իշխանության ներկայացուցիչների հովանավորչությունը, դրա համար էլ նրա նկատմամբ բարեսիրտ ու ներողամիտ են գտնվել։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder