Ներդնում ենք քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա ՊՆ-ի շուրջ 2850 բնակշահառուների լուծել բնակարանային հարցը. Սուրեն Պապիկյան
Հասարակություն
16:17 30/04/2026
Հայաստան

Ներդնում ենք քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա ՊՆ-ի շուրջ 2850 բնակշահառուների լուծել բնակարանային հարցը. Սուրեն Պապիկյան

«Նախագծով առաջարկվում է ներդնել քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա շուրջ 2850 բնակշահառուների՝ ՊՆ ենթակայությամբ ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներին, որոնց խնդիրները սկիզբ են առել դեռևս 2000-ականներից, վերջապես լուծել բնակարանային հարցը»,- կառավարության նիստում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զեկուցելով որոշման նախագիծը ։

Նախարարը նշեց, որ նախատեսվում է ծրագիրն իրականացնել ֆինանսական աջակցության գործիքի միջոցով՝ հիփոթեքային վարկավորմամբ, ինչը ենթադրում է, որ ֆինանսավորման 90 %-ը բանկերի միջոցով կհատկացնի Կառավարությունը, իսկ 10 %-ը՝ ՊՆ-ի տարեկան ֆինանսավորման միջոցով:

«Այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է՝ 2027 թվականին՝ 735 շահառուի բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին՝ 812 շահառուի, 2029 թվականին՝ 719, իսկ 4-րդ փուլում՝ 2030 թվականին՝ 584 շահառուի»,-հայտնեց Պապիկյանը:

Նա նշեց, որ ծրագրի շահառուներ են ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառմանն ընդգրկված պայմանագրային զինծառայողները և քաղծառողները, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինծառայությունից արձակված նախկին զինծառայողները, զինծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողները և զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամները:

«Այս անձանց մեջ կան անգամ 90-ականներից բնակշահառու հանդիսացող մարդիկ»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով. «Կարևոր նրբությունն այն է, որ 10 տարի բնակարանը վաճառքի ենթակա չի լինելու, իսկ բնակարանի գինը հաշվարկվելու է շուկայական միջին արժեքով: Շահառուն բնակարան կարող է ձեռք բերել ոչ միայն առաջնային և երկրորդային շուկաներից, այլև կարող է գնել բնակարան, որը կկառուցվի հետո»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder