Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կաթողիկոսի այցի վերաբերյալ գրառումը հեռացնելուց հետո աշխատանքից հեռանում է արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանը
Կաթողիկոսի այցի վերաբերյալ գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էջերից հեռացնելուց հետո աշխատանքից հեռանում է արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանը:
«Երկու միջադեպով հասկացա, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դիտարկվում է որպես քաղաքական հաստատություն, այսինքն՝ քաղաքական գծի կրող պիտի լինի»,- «Ազատություն» ռկ-ին ասում է Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի նախկին ղեկավար Կարինե Հարությունյանը:
Աշխատանքից դուրս գալու դիմում ավելի վաղ էր գրել, երբ վարչապետի ցուցումով նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացավ տնօրենի պաշտոնից: Փաշինյանը Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը սադրանք էր համարել և հոգաբարձուների խորհրդի կողմից կառավարվող հաստատությունում տնօրեն փոխելու հրահանգ տվել:
Գզոյանին փոխարինելու եկած Փաշինյանի թիմակցի՝ Հրաչյա Թաշչյանի հետ էր երկրորդ միջադեպը. ապրիլի 24-ին Վեհափառի այցի վերաբերյալ լուսաբանումը նրան դուր չէր եկել՝ տեղեկատվությունը կայքում ու սոցցանցում տեղադրելուց ժամեր անց:
«Հարցրեց՝ սովորաբար ինչպե՞ս է լուսաբանվել, աշխատակիցը նշեց, որ պետական այրերի, Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը, եթե այդ օրը պաշտոնական պատվիրակություններ են լինում, այդ պատվիրակությունների մասին է գրվում և վերջում լուսանկարներով ամփոփվում է օրը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ այո, ինչպես սովորաբար լուսաբանվել է, նույն ձևով»,- պատմում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժնի նախկին ղեկավար Կարինե Հարությունյանը:
Հետո տեղեկատվությունը հեռացնելու հրահանգն են ստացել թանգարան- ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանից.
«Ասաց՝ մենք պետական հաստատություն ենք, մենք անկախ հիմնարկ չենք և չենք կարող ինքնուրույն բաներ անել, խնդրում եմ այդ տեքստը հեռացրեք, դուք ինձ չէիք ասել, դուք առանց ինձ տեղեկացնելու եք դա դրել, ես անակնկալի եմ եկել: Սա մեզ համար էլ էր անակնկալ: Ասաց՝ ձեր դիմումները կային, բայց ես չէի մակագրել, բայց հիմա ցավով ասում եմ, որ այո... Ես ասացի, որ իմ դիմումը Ձեզ մոտ է, մակագրեք»,- պատմեց Կարինե Հարությունյանը:
Ինքնուրույն ոչ մի բան էլ տեղի չէր ունեցել, ըստ Կարինե Հարությունյանի: Կարճ տեղեկատվություն պետական այրերի ու Վեհափառի ապրիլ քսանչորսյա այցի վերաբերյալ միշտ է տեղադրվել թանգարան-ինստիտուտի մեդիա հարթակներում: Պետական արարողակարգով Ամենայն Հայոց կաթողիկոսը ավագությամբ զիջում է միայն նախագահին:
Կարինե Հարությունյանն ասում է. «Չեմ կարող ենթադրություններ անել, թե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ինքնուրույն որոշե՞ց, թե՞ իրեն հուշեցին»:
Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու պլանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում է: Ստացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հետևում են իշխանական պլաններին, արդեն Ամենայն Հայոց կաթողիկոսին կաթողիկոս չե՞ն համարում, հարցրինք ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանին:
«Չէ, ոչինչ չի փոխվել, մեր գործունեության մեջ որևէ բան չի փոխվել, բաժինները ոնց կային, այնպես շարունակում են աշխատել, մեր սովորական ռեժիմով»,- ասում է Թաշչյանը:
Եթե ոչինչ չի փոխվել, ինչո՞ւ է հրահանգել Վեհափառի անունը չեզոքացնել մեդիահարթակներից, ասաց. «Մենք դնում ենք էն լուրը, որին մենք մասնակից ենք»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։