Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը կորցրել է իր մարդասիրական բնույթը, քաղաքականացվել է. Սահակյան
Քաղաքական
16:33 08/05/2026
Հայաստան

Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը կորցրել է իր մարդասիրական բնույթը, քաղաքականացվել է. Սահակյան

«Մենք բարձրաձայնում ենք Բաքվում պահվող 19 հայ գերիների մասին, սակայն երբ վերադարձի մասին ենք խոսում, պետք է  հավելել նաև Կարեն Ավանեսյանին»,-Կարեն Բեքարյանի «Միջազգային մատրիցա» գրքի շնորհանդեսին տեղի ունեցած քննարկմանն ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ 

Նա նշեց, որ Կարեն Ավանեսյանի գերեվարումն այլ հանգամանքներում է  տեղի ունեցել, բայց էթնիկ հայ է, դատապարտումը  էապես կապված է Արցախի ինքնորոշման, հակամարտության հետ։

«Առնվազն 20 հայի հայրենադարձման խնդիր կա։ Սակայն կա նաև փոխկապակցված, չլուծված խնդիրներ, ինչպիսին բռնի անհետացածների ճակատագրի պարզումն է, անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը, որտեղ տեղաշարժեր մենք չենք տեսնում։

Ի տարբերություն գերիների խնդրի, որը նաև նախաստորագրված խաղաղության պայմանագրում որևէ կերպ մատնանշված, ձևակերպված չէ, ապա անհետ կորածների պարագայում առնվազն ունենք փոխհամաձայնեցված դրույթ, որը թերևս ուժ չի ստացել, սակայն ակնկալիքներ են ձևավորվում, որ այդ փաստաթղթի ստորագրումից, վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո զարգացումներ կլինեն»,- ասաց Ս. Սահակյանը։

 Նա հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող բոլոր հայերն ունեն դատապարտվածի կարգավիճակ։

«Մեծամասնության առնչությամբ դատական ակտերը ուժ են ստացել։ 15-ի գործով տեղյակ ենք, որ ֆորմալ բողոքարկում է  եղել Ադրբեջանի վերադաս դատական ատյաններ,  բայց տեղի է ունեցել հետաքրքիր պայմաններում. ամբաստանյալներն ու իրենց ադրբեջանական  իրավաբանները չունեն դատավճիռները, ամբողջական տեքստերը, պետությունը չի տրամադրել, բայց մյուս կողմից ունենք նույն Ադրբեջանի  փաստաբանների կողմից բողոքարկում։ Անհասկանալի  է, թե առանց դատական ակտի հասանելիության ինչպես են արդյունավետ կերպով կարողացել բողոքարկել ու ենթադրաբար պաշտպանել հայերի իրավունքները»,- ասաց իրավապաշտպանը։  

Նա ընդգծեց, որ հրատապ է հայ գերիների ազատ արձակումը. «Իմ գնահատմամբ,  հիմնական խոչընդոտը  կապված է խնդրի քաղաքականացման հետ, այստեղ գործարկվում է  պատանդային դիվանագիտությունը։ Գերիները պահվում են որպես լծակ քաղաքական օրակարգային խնդիրների լուծումներ հասունացնելու կամ դրանց կատարումն ապահովելու համար։ Եթե դիտարկենք նախորդիվ հայրենադարձման դեպքերը, յուրաքանչյուրի հետևում կարող ենք տեսնել քաղաքական օգուտներ։

Հայ գերիների վերադարձի հարցը կորցրել է իր մարդասիրական բնույթը, իսկ մարդասիրական բնույթի խնդիրները որպես կանոն միջազգային ներգրավածությամբ արագ են լուծվում, քաղաքականացվել է, ուստի առաջընթացը ուղիղ համեմատական է քաղաքական տեղաշարժերի հետ ։

Ինձ համար խնդիրը նաև ներքաղաքականացած է»,- ասաց Ս. Սահակյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder